Նոր դիտարան Հայաստանում. Ռուսաստանի գիտական հիմնադրամը կօգնի ուսումնասիրել երկրի խորքերը

Դեռ խորհրդային ժամանակներից Հայաստանում աշխատում է Գառնու երկրաֆիզիկական դիտարանը։ Շուտով երկրորդը կհայտնվի երկրի հյուսիսում։ Որքան շատ լինեն դրանք, այդքան լավ. դիտարաններն օգնում են կանխատեսել երկրաշարժերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik.Հայաստանի հյուսիսում կստեղծեն երկրաֆիզիկական նոր դիտարան։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց Հայաստանի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի Ջոն Կարապետյանը։ Ինստիտուտը գտնվում է Գյումրիում։

Միլիմետրի ճշտությամբ. Հայաստանում միկրոսխեմաների համար նոր սարք են արտադրում

Նոր դիտարանը կստեղծեն Ստեփանավանից ոչ հեռու` Գյուլագարակ գյուղում։ Այստեղ կչափեն Երկրի գեոմագնիսական դաշտը։ Դիտարանի կառուցման համար միջոցներ է հատկացրել Ռուսաստանի հիմնարար հետազոտությունների հիմնադրամը` ռուս և հայ գիտնականների համատեղ ծրագրի համար։

Գեոմագնիսական չափումները կօգնեն ուսումնասիրել Երկրի մագնիսական դաշտի տատանումները մեծ խորության վրա։ Այդ տվյալները թույլ կտան ավելի լավ ուսումնասիրել Երկրի կեղևը և միջնապատյանը (մանտիա) և կօգնեն ոչ միայն ֆունդամենտալ, այլ նաև կիրառական գիտությանը։

Երևանի տարածքը սեյսմիկ վտանգավոր գոտի է. մայրաքաղաքին սեյսմակայուն շենքեր են պետք

Համեմատելով տարբեր երկրաֆիզիկական չափանիշները` կարելի է հետևել Երկրագնդի տեկտոնիկ սալերի շարժին, հետևաբար՝ կանխատեսումներ անել երկրաշարժերի մասին։

Նշենք, որ Գառնում արդեն կա երկրաֆիզիկական դիտարան, որը ստեղծվել է դեռ խորհրդային շրջանում, իսկ 5 տարի առաջ` համալրվել ռուսական և արևմտյան նոր սարքավորումներով։

«Ավելորդ է բացատրել, թե մեր երկրի համար որքան կարևոր է սեյսմիկ վիճակին հետևելը։ Ուստի որքան շատ տվյալներ ունենանք հանրապետության տարբեր կետերից, այդքան լավ», – հավելեց Կարապետյանը։

Այնպես որ նոր դիտարանի մոտ` Գյուլագարակում, կտեղադրվի նաև սեյսմակայան։ Նոր տեխնիկայով չափումներ անցկացնելու համար նախատեսվում է գյումրեցի գիտնականներին վերապատրաստման ուղարկել Ռուսաստան։

Ռուսաստանցի փորձագետը Սպիտակի երկրաշարժի պատճառների մասին անսպասելի վարկած է ներկայացրել

Դիտարան ստեղծելու գործում կօգտագործվեն նաև հայկական տեխնոլոգիաները։ Մագնիսական դաշտի տվիչները տեղադրվելու են ամուր բետոնե պատվանդանների վրա, որպեսզի կողմնակի տատանումները (օրինակ՝ անցնող մեքենաներից) չազդեն տվյալների վրա։ Միաժամանակ, կառույցներում չպետք է լինեն մետաղական դետալներ, որպեսզի կողմնակի մագնիսային ֆոն չստեղծեն։ Թե՛ պատվանդաններում, թե՛ դրանց վրայի տաղավարներում օգտագործվելու է բազալտե մանրաթելից ամրան` արտադրված Հայաստանում։

«Մենք արդեն ավարտել ենք շինարարությունը և տեղադրել սարքերի մի մասը։ Մոտ ապագայում կսկսենք չափումները։ Իսկ մեկ տարի հետո դիտարանում առաջին հետազոտությունների տվյալներով հայտ կներկայացնենք միանալու Intermagnet ցանցին, որը միավորում է ամբողջ աշխարհի գեոմագնիսական դիտարանները», – ասաց Կարապետյանը։

Ինստիտուտի նախագիծը ներկայացվել էր Վանաձորում կազմակերպված ինժեներային ցուցահանդեսում (ցուցահանդեսի կազմակերպիչ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ)։

Մազից կախված. ՀՀ-ում 400 ոչ սեյսմակայուն դպրոց կա