ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գլխից վեր թռնել չհաջողվեց: Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը քիչ առաջ պարտվեց Իսպանիային`4:1 հաշվով:
Մեր հավաքականը դիմադրեց ինչքան կարող էր Իսպանիայի ընտրանուն: Խաղի ընթացքում մերոնք նույնիսկ կարողացան խփել պատասխան գնդակն ու հավասարեցնել հաշիվը: Բայց մրցակցի անհամեմատ բարձր կարգն ու փորձը իրենց դերը կատարեցին:
Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության բացման խաղում ընդունված կարգի համաձայն կազմակերպիչ երկիրը՝ Հայաստանը հյուրընկալեց իր առաջին մրցակցին՝ Իսպանիային: Խաղի մեկնարկից զգացվեց Իսպանիայի հավաքականի ավելի բարձր կարգը: Աստիճանաբար տիրելով խաղային և տարածքային առավելությանը հյուրերը սկսեցին վտանգավոր պահեր ստեղծել մեր տուգանային հրապարակում:
Երկար ժամանակ` ավելի ճիշտ 32 րոպե, Հայաստանի հավաքականը մարտական կեցվածք ցուցադրեց: Մեր ընտրանու պաշտպաններն ու դարպասապահը կարողանում էին չեզոքացնել վտանգավոր պահերը: Բայց 33-րդ րոպեին մեր պաշտպանության կենտրոնում դիրքային սխալի հետևանքով առանց հսկողության մնաց Խանդրո Օրելանան ու մոտ տարածությունից բացեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի սկզբում մեր ֆուտբոլիստները կարողացան առավելագույնը «քաղել», ու մեր ընտրանու ավագ Արսեն Եղիազարյանը մոտ տարածությունից խփեց պատասխան գնդակը: Խաղն անմիջապես սրվեց: Բնականաբար, Իսպանիայի հավաքականը համաձայն չէր խաղի նման ընթացքի հետ: Այդ պատճառով էլ հյուրերի կազմում բաց թողած գոլից հետո կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ:
Իսպանացիներն արդեն գրոհում էին անդադար: Խաղի 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերը նորից առաջ անցան հաշվի մեջ: Գլխով դիպուկ հարվածի հեղինակը Խուան Միրանդան էր: Սա արդեն իսպանացիների համար կարելի է ասել վստահության գոլն էր: Քիչ անց Բռայան Գիլը խճճեց մեր պաշտպանությունն ու կարողացավ գեղեցիկ փոխանցմամբ վերջնական հարվածի դուրս բերել Ալեխանդրո Մարկեսին: Իսկ խաղի վերջնակետը դրեց փոխարինման դուրս եկած Վիկտոր Մալյեխոն՝ 4:1:
Իհարկե, ֆուտբոլում հրաշքներ լինում են, բայց այս խաղում դժվար էր պատկերացնել, որ Արթուր Ոսկանյանի սաները կարող են փրկել իրավիճակը: Հյուրերը իրենց շատ վստահ էին զգում խաղադաշտում և շարունակում էին տիրել նախաձեռնությանը: Բավական է ասել, որ մեր հավաքականը խաղի մինչև 70-րդ րոպեն մեկ դիպուկ հարված էր կատարել, որը դարձել էր մ արդյունավետ:
Այսպիսով` առաջին խաղում մեր հավաքականը պարտվեց, իսկ խմբային փուլում դեռ երկու ծանր հանդիպում ունենք ոչ պակաս ուժեղ մրցակիցների Իտալիայի ու Պորտուգալիայի հասակակիցների դեմ: