ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Երեկ Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում կայացած միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթն ադրբեջանական ու թուրքական դրոշներով որոշ մարդիկ փորձել են ձախողել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է օգտատերերից Լիանա Պողոսյանը, ում ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։
«Հայաստանի ելույթից անմիջապես առաջ, վայրկյանների ընթացքում, հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջանական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը գնալով ավելի էր թեժանում, ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր»,–գրել է Պողոսյանը։
Նրա խոսքով` մեր հարևանների նման պահվածքն ավելի է ոգևորել երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ են ներկայացրել մեր երկիրը։ Դրանից հետո ոստիկանություն են կանչել, ակտիվիստների մի մասը բերման է ենթարկվել, մնացածը` փախուստի են դիմել։
«Երեխաները ապահով են։ Ոստիկանությունն ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, որոնք ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաներին և արվեստի բարձրագույն արժեքները։ Ապրենք հայերս և «Կովկաս» պարային համույթը։ Քոչարին հայկական պար է»,–գրել է Պողոսյանը։
Նա նաև հավելել է, որ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք է առաջացրել փառատոնի մյուս մասնակիցների մոտ։
Աշխարհի տարբեր երկրներում, նաև` Հայաստանում հայերը կրկին ուս ուսի տվեցին. տեսանյութ
Հիշեցնենք, որ 2017թ.–ի դեկտեմբերի 6-ին Հարավային Կորեայում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ-նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» ("Kochari, traditional group dance") հայտն ընդգրկել Մարդկության ոչ-նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Իսկ 2018–ի նոյեմբերին Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանի ժամանակ Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկվել Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը:
«Արի պարի քոչարին» միավորում է ամբողջ աշխարհի հայերին. ֆլեշմոբն ավելի մասշտաբային կլինի