Ինչու են երևանյան վերելակներն ավելի հաճախ խափանվում. ԱԻՆ–ն ունի հարցի պատասխանը

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ վերելակների մեծ մասն անցել է հետազոտություն և այն վերելակները, որոնք չեն համապատասխանել փորձագիտական խմբի չափորոշիչներին, ստացել են բացասական եզրակացություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Վերջին շրջանում վերելակների խափանումների հիմնական պատճառը հոսանքի տատանումներն ու մասսայական հոսանքազրկումներն էին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Դավթաշենի շենքերից մեկի վերելակն ընկել է. ներսում քաղաքացի կա

«Գաղտնիք չէ, որ ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում մասսայական հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ: Երևան քաղաքում հոսանքի հաճախակի տատանումների պատճառով ունենք բազմաթիվ խափանված վերելակներ, ընդհուպ՝ շարժիչներ են վառվել»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն, և այս պահին 4666 վերելակից 1800-ն արդեն  անցել են վերջնական քննություն, որից 31-ին տրվել է բացասական եզրակացություն:

«Հուսամ՝ մինչև տարեվերջ մնացած վերելակները նույնպես կանցնեն փորձաքննություն: Եթե փորձագիտության ընթացքում վերելակներն ունենում են որոշակի խնդիրներ, որոնք կապված են անվտանգության հանգույցների հետ և դրանց շահագործումը կարող է հանգեցնել դժբախտ դեպքերի ու պատահարների, միանշանակ փորձագիտական խումբը տալիս է բացասական եզրակացություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 20 վերելակ ձեռք բերել. կարևոր ծրագիր է գործարկվել

Ըստ նրա՝ այժմ վերելակների թարմացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբում ներգրավված է նաև Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: Առաջիկա համատեղ քննարման ընթացքում կհստակեցվեն անելիքները:

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին Երևանի ավագանու նիստում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մայրաքաղաքի  տասը վարչական շրջաններից յուրաքանչյուրում 2-ական նոր՝ եվրոպական չափանիշներին համապատասխան վերելակ կգործարկվի: