ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի մեղադրանքը վերաորակվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Այս մասին հայտում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով նաև, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Հաշվի առնելով, որ Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցենք` մինչ այդ Արա Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստերով։
Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելը չի բխում գործող իրավական կարգավորումներից. փաստաբան
Այժմ մեղադրանքն ավելացվել է լիազորությունները բժշկական կենտրոնի շահերին հակառակ օգտագործելու հետևանքով Հայաստանի Հանրապետությանն առանձնապես խոշոր չափերով՝ 908.047.850 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով՝ 45.402.392 ՀՀ դրամ և 27.039.000 ՀՀ դրամ վատնում կատարելու (երկու դրվագով) և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար։
Հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» նախկին տնօրենը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները:
ՀՀԿ-ն ընդդիմության դերի մեջ է մտնում. բուժկենտրոնի աշխատակիցները վաղը նորից կհավաքվեն
Նույն ընկերության երկու նախկին աշխատակցի ևս մեղադրանք էր առաջադրվել` պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարին և մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալին: