ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հայ-վրացական սահմանն անցնելիս տրանսպորտային միջոցներում ուղևորների քանակը չի հսկվում, չնայած ՀՀ–ում կա օրենքի դրույթ, ըստ որի` արգելվում է մարդկանց փոխադրումը նախատեսված քանակից ավելի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը` անդրադառնալով վերջերս Վաստանում տեղի ունեցած սարսափելի վթարին։
Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 7–ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ մահացել էր, որից երկուսը` երեխա։ Մեքենայում թույլատրված 5–ի փոխարեն 8 անձ է եղել։ Կառավարության հուլիսի 11–ի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկեց ստուգել Վրաստան մտնող մեքենաները, որ դրանք գերբեռնված չլինեն։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս հարցը դեռ քննարկել է պետք։
«Խնդիրն այն է, որ հայ-վրացական սահմանն անցնելիս սահմանապահները միայն վարորդին են ստուգում, իսկ ուղևորները մեքենայից իջնում ու ոտքով են անցնում սահմանը` իրենց բեռով։ Կարծում եմ` մինչև սահմանն անցնելը ՃՈ–ն պետք է ստուգի մեքենայում մարդկանց քանակը, ուղղակի հավելյալ ռեսուրսներ կպահանջվեն դրա համար»,–ասաց նա։
Վրաստանի ողբերգական վթարից տուժած 14–ամյա տղան 5 օր անց գիտակցության է եկել
Ղահրամանյանը նշեց նաև, որ այս առումով օրենսդրական կարգավորումներն արդեն իսկ կան` կառավարության համապատասխան որոշմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվում վարորդը, որի մեքենայում թույլատրելի քանակից ավելի ուղևորներ են լինում։ Սակայն, ըստ նրա, ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով էլ, վերահսկողությունը հավուր–պատշաճի չի իրականացվում, օրինակ, հենց սահմանակետում։ «Ստացվում է` մենք ունենք մի կանոն, որը ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով, չի վերահսկվում։ Կարծում եմ` սահմանին ուղևորների քանակի հսկումը հնարավոր է, ուղղակի այն ճիշտ կազմակերպել է պետք»,–ասաց նա` հավելելով, որ եթե անգամ օրենքում նման կետ չունենայինք, միևնույն է, մեզ նման վերահսկողություն պետք է, քանի որ տեսնում ենք` մարդիկ բեռնախցիկներում են ուղևորներ փոխադրում։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե քանի դեռ հարցը քննարկման փուլում է, այդ մասին մեկնաբանություն չեն տրամադրի։ Ահարոնյանը հայտնեց միայն, որ ՀՀ օրենսդրությամբ ՃՈ–ն արձանագրություն է կազմում բոլոր այն դեպքերում, երբ խախտումներ է հայտնաբերում ուղևորների թույլատրելի քանակի առնչությամբ։
Ի դեպ, ՀՀ կառավարության «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման 158–րդ դրույթի 1–ին կետի համաձայն` մարդկանց փոխադրումն արգելվում է ավտոմոբիլի, տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս։ Նույն հոդվածի 2–րդ կետն էլ սահմանում է, որ մարդկանց փոխադրումն արգելվում է նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:
Կարգազանց վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից. Փաշինյանը խոսեց վերջին վթարներից