ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով` Սևանի ջրի մակարդակն անցած տարվա հուլիսի 11–ի համեմատ` 1 սանտիմետրով բարձրացել է։ Այս մասին Գրիգորյանը հայտնեց կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօրվա դրությամբ Սևանի կանաչապատման գործընթացները զգալիորեն նվազել են, ջրի մակարդակն էլ 1 սմ–ով ավելացել է։ Ջրբացթողման հետ կապված, ասեմ, որ 25 մլն խմ ավելի քիչ է ջուր վերցվել, քան նախորդ տարի այս օրը։ Բացի այդ, ջրային կոմիտեի ներկայացված ջրառի հայտից պակաս ջուր է վերցվում, այսինքն` մենք պնդել ենք, որպեսզի լրացուցիչ նվազեցումներ արվեն ջրառի հետ կապված»,–ասաց Գրիգորյանը։
Նա նշեց նաև, որ առաջիկա երկու տարվա ընթացքում Սևանի տարածքում 770 000 հա տարածք կմաքրվի։ Նախարարն անդրադարձավ նաև մինչ այս Սևանում կատարված մաքրման աշխատանքներին` ասելով, որ այնտեղ բազմաթիվ բացթողումներ են եղել։ Ըստ նրա` օրինակ, Վարդենիսում 30 տոկոս մաքրման աշխատանքներ են կատարվել, բայց կոճղերը մնացել են ջրի մեջ։ 2011-17թթ. Սևանի մաքրման աշխատանքների հետ կապված տվյալները փոխանցվել է դատախազությանը։
«Մենք երեք մաքրման կայանների` Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքների վերաբերյալ կառավարությանը գնառաջարկ ենք ներկայացրել։ Մասնավորապես, ներկայացրել ենք, թե ինչ գումար կկազմի այդ քաղաքներում կենսաբանական մաքրման կայանների տեղադրումը։ Այս պահին գետերի մաքրման հետ կապված էլ ուսումնասիրություններ են կատարվում»,–ասաց նա։
Նախարարի գնահատականով` այսօրվա վիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման հետևանք է, և հիմա Սևանում կատարվող աշխատանքները պետք է արտակարգ ռեժիմով արվեն։
Ի դեպ, ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության հունիսի 3–ի տվյալներով` Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 77 սանտիմետր նիշի դիմաց:
Սևանը խեղդվում է. ի՞նչ է պետք լիճը չկորցնելու ու մարդ կոչվելու իրավունքից չզրկվելու համար
Հիշեցնենք` Սևանը բավական նկատելի ծաղկել էր նաև 2018թ.–ի ամռանը։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։