Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով. Փաշինյանը չընդունեց Թորոսյանի առաջարկը

Հայաստանում փորձագիտական գնահատական չկա, թե այս պահին քանի անպտուղ ամուսնական զույգ կա։ Նախարարի խոսքով` տոկոսը շատ բարձր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Առողջապահության նախարարությունն առաջարկում է տարեկան 80 ամուսնական զույգի անվճար աջակցել` լուծելու անպտղության խնդիրը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի այս առաջարկը, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց համարեց։

Ինչպես խուսափել վթարների դեպքում հնարավոր զոհերից. Արսեն Թորոսյանն առաջարկներ ներկայացրեց

«700 զույգից ոնց է որոշվելու ո՞ր 80 զույգն են այս տարի սպասարկվում։ Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ, ով ում հետ մոտիկ է, ով ավելի արագ որտեղ կարող է հասնել սկզբունքով, և դա պրոբլեմ է առաջացնում»,– ասաց Փաշինյանը։

Թորոսյանը պարզաբանեց, որ ընտրությունն արվելու է սահմանված չափորոշիչներով։ Վարչապետը, սակայն, դարձյալ ասաց, որ նման` նույնիսկ հստակ փորձագիտական գնահատական չկա, թե Հայաստանում այս պահին քանի անպտուղ ամուսնական զույգ է համապատասխանում այդ չափորոշիչներին։ «Այդ 80-ը որոշվելու է կոռուպցիայով»,– պնդեց Փաշինյանը։

Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ չկան թվեր, քանի որ չի եղել ծրագիր ու դիմելիություն, որով կկատարվեր հաշվարկը։

Երկար ու թեժ քննարկման արդյունքում վարչապետը հայտարարեց, որ որոշումը ներկայացված տեսքով պատրաստ չէ ընդունման ու առաջարկեց այն չհաստատել և ուղարկել լրամշակման։