Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա
Լույսը սկսեցին անջատել մոտավորապես ժամը 14:00-ին: Ինչ–որ տեղ ավելի շատ, ինչ–որ տեղ ավելի քիչ, սակայն հոսանքը «տատանվեց» և անջատվեց Երևանի գրեթե բոլոր շրջաններում: Խափանվեց նաև մետրոյի աշխատանքը. մի քանի ժամով փակեցին կայարանների մուտքերը:
Բարձրավոլտ ցանցերում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի պատճառով վթարային անջատումներ էին գրանցվել երկու խոշոր ՋԷԿ-երում. Երևանի ՋԷԿ-ում ու «Հրազդան–5»-ում: Ատոմակայանը ոչնչով չէր կարող օգնել, որովհետև վերանորոգվում է։ Այդ պատճառով ամբողջ հզորությամբ աշխատեցին ՀԷԿ–երը` Սևան-Հրազդան և Որոտանի կասկադները: Դրանից բացի, էլեկտրաէներգիա «բերվեց» Վրաստանից և Իրանից:
Քաղաքի մի քանի խաչմերուկներում անջատվեցին լուսացույցները, ոստիկանները փորձեցին շտկել իրավիճակը:
Իսկ մինչ սոցցանցերի օգտատերերը գրեցին «էներգետիկ ճգնաժամի» մասին, էներգետիկներն արեցին հնարավորը, որպեսզի իսկական ճգնաժամ տեղի չունենա: Մետրոյի թունելներում մնացած գնացքները մոտեցրին կայարաններին և տարհանեցին բոլոր ուղևորներին: Քաղաքային հիվանդանոցները միացրին պահեստային սնուցման գեներատորները, և որևէ վիրահատություն չչեղարկվեց։ Բանկերն ու բանկոմատները գրեթե անխափան աշխատեցին, իսկ կապի հետ կապված խնդիրներն արագ վերացվեցին:
Երկաթգծում ժամանակին տեղ հասցրին բոլոր ապրանքային շարժակազմերը:
Այդ ժամերին մայրաքաղաքի բոլոր շրջաններում ուժեղացված հերթապահություն իրականացրին «Շտապօգնության» մեքենաները:
Մոտավորապես ժամը 20:00-ին երկու կայանները վերագործարկվեցին, և հանրապետության նորմալ էներգամատակարարումը վերականգնվեց:
Իսկ ոմանք նույնիսկ չնկատեցին
Երևանում մտահոգվեցին ինտերնետի և օդորակիչների պատճառով, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ այդ նույն ժամերին հանգիստ զբաղված էին հոսանքի հետ չկապված գործերով (դաշտ, այգի, բանջարանոց):
«Լույսն անջատե՞լ էին: Ես չէի էլ նկատել: Առավոտյան վեր կացա, հոսանք կար, երեկոյան տուն եկա, էլի կար: Ամբողջ օրը այգում, դաշտում էի աշխատում», – այսպես կամ մոտավորապես այսպես մեզ պատասխանեցին տարբեր համայնքներում ապրող մի քանի գյուղացիները։
Եթե խոսենք մարզերի մասին, ապա պիտի ասենք, որ ամենից շատ երկրի հարավի բախտը բերեց: Այստեղ գործում է Որոտանի կասկադ ՀԷԿ–ը, որտեղից էլեկտրաէներգիան արագ հասնում է սպառողին: Այդ էլեկտրաէներգիայի մի մասը վթարային ռեժիմով ուղարկում էին հյուսիս` հոսանքազրկված շրջաններ: Սակայն այն, ինչ մնում էր, հերիքում էր տեղում անխափան մատակարարում իրականացնելու համար:
Սյունիքի մարզի (Սիսիանից մինչև Ագարակ) գործարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, որոնց հետ կապ հաստատեցինք, ասացին, որ իրենց մոտ հոսանքի հետ կապված ամեն ինչ նորմալ է: Եվ ոչ միայն քաղաքներում և ձեռնարկություններում, այլև հեռու լեռներում` Շիկահողի արգելոցում: Թեև այնտեղ դրան քիչ էին ուշադրություն դարձնում։ Աշխատակիցներն ամբողջ օրը շրջում են լեռներով ու անտառով, հետևում կենդանիների տեղաշարժին, այդ թվում` արջերի և կովկասյան ընձառյուծների: Իսկ արջերի համար հաստատ մեկ է, թե Երևանում երբ կմիացնեն լույսը:
ԱԱԾ–ն կքննի էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած կոլապսը
Իսկ ահա Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում լույսն անջատել էին այնպես, ինչպես Երևանում: Լոռու և Տավուշի մարզերի էլեկտրամատակարարումը մի քանի ժամով միացրել էին Վրաստանի էներգահամակարգին:
«Էլեկտրաէներգիա մե՛կ կար, մե՛կ անջատում էին: Հաստոցները, շոգեագրեգատները ստիպված անջատում-միացնում էինք», – ասաց սահմանից քիչ հեռու գտնվող Բերդավան գյուղի գինու գործարանի տնօրեն Արշակ Ավագյանը:
Գազային «դավադրություն» և իրական պատճառներ
Ինչպես նշեցինք, անջատվել էին անմիջապես երկու խոշոր ՋԷԿ–եր` Երևանի ՋԷԿ-ն ու «Հրազդան–5»-ը, որոնք աշխատում են գազով: Տարօրինակ զուգադիպություն է, նշում էին սոցցանցերի որոշ օգտատերեր:
Իրականում գազի հետ կապված որևէ խնդիր չի եղել. Ռուսաստանից և Իրանից եկող գազատարները նորմալ էին աշխատում, իսկ կայաններն անջատվել էին՝ թեթևացնելու համար էլեկտրացանցը: Երբ այնտեղ լուրջ ծանրաբեռնվածություն է առաջանում, ապա հոսանքի հաճախականությունը կարող է տատանվել: Եթե տատանումներն անցնում են վթարային սահմանը, որոշակի կայաններ կարող են ավտոմատ կերպով անջատվել, որպեսզի հաճախականությունը նորմայի գա: Հենց այդպես էլ եղել էր:
Գերբեռնման պատճառները դեռ ճշտվում են: Գուցե դրանք առաջացել են հարևան Իրանում, որի հետ փոխկապակցված է Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցը: Ամռանն այնտեղ մեծանում է ցանցի բեռնվածությունը օդորակիչների և սառեցման համակարգերի պատճառով: Սակայն գուցե գերբեռնվածություններ են եղել նաև Հայաստանի ներսում: Մինչև վերջ պատճառները դեռ չեն պարզվել:
Ընդգծենք` բուն կայաններում վթար չի եղել: Դրանք անջատել էին՝ կայունացնելու համար համակարգը: Իսկ որպեսզի կայանները կրկին միացնեին ցանցին, մի քանի ժամ էր պետք, որովհետև ՋԷԿ–ը գազի ջրատաքացուցիչ չէ, մեկ մատնազարկով այն չես միացնի:
Իսկ ինչո՞ւ անջատեցին հենց ՋԷԿ–երը, ոչ թե ՀԷԿ–երը կամ ԱԷԿ-ը: Ատոմակայանի հարցում ամեն ինչ շատ պարզ է. այն ամբողջությամբ կապիտալ վերանորոգման է կանգնած մինչև օգոստոսի 1-ը: Իսկ մնացած կայաններից ընտրություն է կատարել դիսպետչերական ծրագիրը, որով աշխատում է ազգային «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը»: Ընտրությունն արվել է հաշված վայրկյանների ընթացքում. այստեղ այդ վայրկյանները շատ բան են որոշում:
Ինչպե՞ս կարելի է սրանից խուսափել ապագայում
Որքան ավելի շատ լինեն էլեկտրահաղորդման նոր գծերը, այնքան ավելի շատ կլինեն էլեկտրաէներգիայի փոխանցման պահեստային երթուղիները: Նոր գծերը մասամբ օգնեցին նաև այս անգամ: Համաշխարհային բանկի տրամադրած վարկով այս տարի ավարտեցին կենտրոնից Հայաստանի հարավ (Որոտանի կասկադ ՀԷԿ) գնացող նոր գծերի կառուցման աշխատանքները: Հին գիծը փոխարինվեց նորով և օգնեց ավելի շատ հոսանք փոխանցել հարավից կենտրոն և Հայաստանի հյուսիս:
Վթարված երկու խոշոր էլեկտրակայաններն էլ արդեն աշխատում են. Ավինյան
Շուտով պետք է ավարտվի Հայաստան-Իրան 400 ԿՎտ լարման էլեկտրահաղորդման օդային նոր բարձրավոլտ գծի շինարարությունը: Այդ ժամանակ էլեկտրաէներգիայի փոխանակումն (այդ թվում արտակարգ իրավիճակների դեպքում) ավելի հեշտ կլինի իրականացնել:
Ատոմակայանն անջատված է ցանցից. որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել