Իսկ ի՞նչ ասաց ԵՄ խորհրդի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցին հաջորդած մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության մեջ: Ասաց, որ ԵՄ-ն քաջալերված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով: Բացի այդ, ասաց, թե ԵՄ-ի համար ուրախացնող է նաև «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելու պատրաստակամությունը:
Ընդգծեց, որ հակամարտությունը կամ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, որ անհրաժեշտ է գտնել քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նման դեպքերում է նշվում՝ «կիսեց» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ շփման գծում զոհերի, նաև իրավիճակը լարող հայտարարությունների հետ կապված: Եվ էլի, ինչպես միշտ, կրկնեց արդեն պողպատակուռ դոգմայի վերածված բառերի շարքը՝ «երկու կողմերին» ուղղված զսպվածություն ցուցաբերելու կոչով և իրական բանակցությունների, խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ստեղծելու մասին հորդորով:
Միաժամանակ, Դոնալդ Տուսկը հայտարարեց. «ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության կառուցմանն ուղղված գործողություններին և պատրաստ է սատարել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»:
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ ԵՄ խորհրդի նախագահն արել էր մեկ օր առաջ Բաքվում, Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում: Եվ թվում է, թե առանձնապես խնդիր այդ առումով չկա:
Սակայն հարցն այն է, որ Բաքվում, Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին հիշատակումից բացի ու դրանից առաջ, Դոնալդ Տուսկը նաև անհրաժեշտ է համարել ընդգծել. «Եվրամիությունը սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:
Այդ վերջին հայտարարությունը փոքր-ինչ սառը դիտարկելու դեպքում կարելի է կարծել, թե ԵՄ խորհրդի նախագահը պարզապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ադրբեջանական ղեկավարության «սիրտը շահելու», ինչ-որ «շոյիչ» արտահայտություն անելու համար է այդպես ասել:
Սակայն նկատենք, որ նույն Դոնալդ Տուսկը, թեկուզ նույնական նկատառումներով, Երևանում չհայտարարեց, թե Եվրամիությունը սատարում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որն, ի դեպ, ամրագրված է այդքան հիշատակվող Հելսինկյան եզրափակիչ ակտում, միջազգային իրավունքի ընդունված ու բազմիցս կիրառված նորմ է: Պետք է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարության «սիրտը շահելու» խնդիր ԵՄ խորհրդի նախագահը չուներ, որ նման բան չհայտարարեց:
Եթե ավելի լուրջ, ապա ռազմատենչությունից զերծ մնալու, իրավիճակը սրող հայտարարություններ չանելու շեշտադրումներ անող ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը երևի պետք է իրեն նաև հաշիվ տար ու միարժեքորեն գիտակցեր, թե ինչ է նշանակում Ադրբեջանում հատուկ շեշտել այդ երկրի ղեկավարության «սիրտը շահող», մասնավորապես՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթը, ըստ որում՝ առանց ազգերի ինքնորոշման իրավունքի հիշատակման:
Դա, ըստ էության, նշանակում է հրապարակավ խրախուսել Ադրբեջանի ղեկավարությանը, Ալիևին ոգեշնչել՝ հետագա հնարավոր ռազմական արկածախնդրության դիմելու իմաստով:
Բանն այն է, որ ադրբեջանական կողմը, որպես կանոն, իրավիճակի ցանկացած լարվածության դեպքում հանդես է գալիս նախահարձակ գործողություններով: Կարելի է դիտարկել հակամարտության գոտում վերջին 5-6 տարիներին հրադադարի խախտման բոլոր համեմատաբար խոշոր արձանագրված դեպքերը՝ դրանում համոզվելու համար, լինի դա «դիպուկահարների մարտերը», «դիվերսիոն խմբերի» մարտավարությունը, թե մեկ այլ բան: Իսկ 2016թ. «ապրիլյան պատերազմը» ինքնին ասվածի այնպիսի հիմնավորում է, որ նախորդած ու նաև հաջորդած օրինակների կարիքն էլ չի զգացվում:
Բոլոր այդ դեպքերում, առնվազն արտաքին-քաղաքական հարթության վրա, ադրբեջանական կողմը շեշտում է այն կեղծ դատողությունը, թե Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից, և իրենք ձգտում են վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը: Այսինքն` պաշտոնական Բաքուն իր նախահարձակ մարտական գործողությունները ներկայացնում է որպես իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն, օկուպանտներին դուրս մղելուն նպատակաուղղված քայլեր: Մինչդեռ այդ գործողություններն իրականում ռազմական ագրեսիա են ազգերի ինքնորոշման սկզբունքին լիովին համապատասխան ինքնորոշված, անկախություն հռչակած Արցախի ու Արցախի հայ բնակչության դեմ:
Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ «բարի մտադրություններով» տարածաշրջան այցելած օտարերկրյա պաշտոնյաները, հատկապես՝ որևէ տերության կամ առավել ևս Եվրամիության «առաջին դեմքերը» շեշտում են «տարածքային ամբողջականությունը» և մոռանում են հիշատակել «ազգերի ինքնորոշման իրավունքը», որ Հելսինկյան եզրափակիչ ակտի (ընդունված 1975թ. օգոստոսի 1-ին) համազոր նորմ է, նրանք անուղղակիորեն խրախուսում են ադրբեջանական իշխանության ռազմատենչ նկրտումները: Նույնը նաև այն դեպքերում, երբ «երկու կողմերին» համահարթեցնելու մոտեցմամբ են գնահատում իրավիճակը լարող դրսևորումները:
Հարց է ծագում. ինչպե՞ս կամ ի՞նչ հաշվարկով են հրապարակավ խոսում «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին, եթե իրենց հայտարարություններով «տակից», ըստ էության, խրախուսում են կողմերից մեկի ռազմատենչությունը կամ դրա հիմնավորումը:
Նաև հարց է ծագում, թե այդ ինչի՞ց է, որ միայն տարածքային ամբողջականությունն են հարկ համարում առանձին ընդգծել, իսկ ինքնորոշման իրավունքը քողարկված ու մշուշոտ ակնարկում են միայն Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին նշելով: Թե՞ Արցախի անվանումը պիտի Կոսովո լիներ, որ ԵՄ ներկայացուցիչն էլ այլ կերպ արտահայտվեր:
Գործնական կամ ավելի շուտ՝ պրոֆիլակտիկ հետևությունը, ցավոք, մեկն է ու մշտարդիական բոլոր ժամանակներում. «Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի»: