ՍԴ–ն վարույթ է ընդունել Քոչարյանի գործով դատարանի հարցադրման առանցքային մասը. Վարդևանյան

Քոչարյանի` սահմանադրական կարգը տապալել–չտապալելու հարցը կքննարկվի ՍԴ–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումը մասամբ է վարույթ ընդունել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ ՍԴ–ն դատարանի առանցքային հարցադրման մասով է վարույթ ընդունել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմեց ՄԻՊ Արման Թաթոյանին. ո՞րն է խնդիրը

«Առաջին ատյանի դատարանի կողմից մի քանի հարցադրումներ են ներկայացվել ՍԴ և առանցքային հարցադրումը վերաբերում էր կիրառվելիք նորմին` 300.1 հոդվածին (Սահմանադրական կարգը տապալելը), որը վարույթ է ընդունվել։ Հենց նման իրավիճակի համար էինք բազմիցս բարձրաձայնում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը`գործի քննությունը կասեցնելու ու ՍԴ դիմելու, բողոքարկման ենթակա չէ»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` ՍԴ մասին օրենքը հստակ սահմանում է, որ այս կամ այն նորմի սահմանադրականությունը որոշելու հարցի վերաբերյալ հասցեատերը ՍԴ–ն է, այլ ոչ թե առաջին ատյանի կամ վճռաբեկ դատարանը։

Վարդևանյանի գնահատականով` ՍԴ–ն շատ տրամաբանական դիրքորոշում է հայտնել, և հիմա առաջին ատյանի դատարանն անելիք ունի։ «Առաջին ատյանի դատարանը, որի դիմումը ՍԴ–ն վարույթ է ընդունել, պետք է նիստ հրավիրի ու անդրադառնա Քոչարյանի ազատության հարցին։ Այս կամ այն նորմի սահմանադրականության հարցի քննության առարկա դառնալ նման պարագայում, երբ Քոչարյանը կալանքի տակ է, իրավունքի խախտում է»,–ասաց նա։

Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել հորը. պաշտպան

Նշենք, որ գործի դատաքննությունը կսկսվի 2019 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 10.00-ին: Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես և հայտնի էր դարձել նախկինում, չի մասնակցի գործի քննությանը, քանի որ նա Մարտի 1–ի զոհերի իրավահաջորդն է։

ՍԴ–ն մերժել է քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009–ի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով գործի քննությունը։ ՍԴ–ն մերժել է նաև Սահմանադրության 140-րդ (Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը) և 141-րդ (Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը) հոդվածների քննության հարցը։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:

ՍԴ–ն չի կարող ոչինչ չանել. Քոչարյանի պաշտպանը նյութեղեն որոշում է ակնկալում

Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 25–ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը վերաբացել ու նրան կրկին կալանավորել։