ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ցավալի տեղեկությունը արագորեն տարածվեց այսօր. կյանքի 76-րդ տարում երկրային ուղին լրեց գեներալ-մայոր Ֆելիքս (Ռաֆայել) Գզողյանը: Անուրանալի է Ֆելիքս Գզողյանի ներդրումն ու դերը Արցախի ազատամարտի փառահեղ հաղթանակներում և մեր զինուժի կայացման գործում:
Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը, լինելով Խորհրդային բանակի ավագ սպա, փոխգնդապետ, շրջադարձային 1988-ին զորացրվեց և շտապեց hայրենիք` ներգրավվելու սահմանների և բնակավայրերի պաշտպանության, զինված կանոնավոր ուժերի ստեղծման ծանր գործում: Պրոֆեսիոնալ զինվորականի իր մասնագիտական ամբողջ կարողությունը, փորձն ու գիտելիքները, զորահրամանատարի տաղանդն ու առհասարակ իր կյանքը նա անվարան նվիրաբերեց ազգի գոյապայքարին:
Արդեն նոր-նոր կազմավորվող Հայոց բանակի հետ շաղկապված կենսագրական համեստ գրառումները թույլ են տալիս ընդհանուր պատկերացում կազմել Ֆելիքս Գզողյանի ներդրման, հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների մասին:
Նախ` 1990-ին Ֆելիքս Գզողյանը նշանակվել է Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, ապա տեղափոխվել է Շահումյան՝ Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի պաշտպանական գործողությունները համակարգելու առաջադրանքով, ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։
Գզողյանն, իհարկե, կանգնած է Հայաստանի նախ՝ Պաշտպանության կոմիտեի, ապա՝ պաշտպանության նախարարության ստեղծման ակունքներում, նաև Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման հիմքում, որպես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի առաջին պետ: Նրա անվան անմիջական մասնակցության հետ են կապված այդ շրջանում իրար հաջորդած ազատագրական մարտական գործողությունները, որոնց պսակը Շուշիի ազատագրումն է:
Ինչպես նրան բնորոշել է Շուշիի ազատագրման գործողությունը ղեկավարած մեկ այլ լեգենդար գեներալը՝ Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադևոսյանը), Գզողյանը «այրվող կետերի դեսպանն էր», այսինքն՝ մշտապես հայտնվում էր ճակատի առավել բարդ ու ծանր տեղամասերում, հնարավորինս արագ ու հստակ կարգավորելով իրավիճակը:
Մարտիկների հետ հավասար պատերազմի նեղությունները կրելու համար զինակիցները նրան նաև ժողովրդական գեներալ են կոչել: Զորահրամանատարի անունն ուղղակիորեն շաղկապված է Օմարի ռազմավարական բարձունքի ազատագրման գործողության հետ:
Մեծ է Ֆելիքս Գզողյանի դերը նաև «հետպատերազմյան» շրջանում ինչպես պաշտպանական գերատեսչության, գլխավոր շտաբի այնպես էլ՝ զինված ուժերի կայացման, զարգացման ու ամրապնդման գործում:
…Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: