ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց դատարանում Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:
«Դատարանն այսօր է վճիռ կայացրել ու որոշել է մերժել Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի»,–ասաց նա։
Գրիգորյանը հայտնեց, որ որոշման հիմնավորումը դատարանը կողմերին կուղարկի վաղը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանն ասել էր, որ «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Նա զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակային հերքում էր պահանջել։