Սինգապուրի տնտեսական զարգացման խորհուրդը ցանկանում է համագործակցել հայ գործընկերների հետ

Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:

«Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակը` Փաշինյանի և նրա կնոջ անունով. այց բուսաբանական այգի

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները:

Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:

«Հրավիրում ենք Հայաստան». Փաշինյանը` Temasek Holdings-ի հետ համագործակցելու մասին

Նշենք, որ տնտեսական զարգացման կառավարման խորհուրդն առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է: