Շտապօգնության կանչերի թիվն աճել է. ինչի՞ց են գանգատվում երևանցիները

Հիմա շտապօգնությունը Երևանում սպասարկում է 38 մեքենայով, սակայն մեկ ամսվա ընթացում մեքենաների և բրիգադների թիվը կավելանա՝ հասնելով 50-ի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝  հունվար-հունիս ամիսներին շտապօգնությունը գրանցել է 130 545 կանչ, որը 7761-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվածը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Գնդակահարման սպառնալիքից` դանակով հարձակում. ինչ է պահանջել տղամարդը շտապօգնության բժշկից

«Երբ ոլորտում փոփոխություն է լինում, կանչերի թիվն ավելանում է: Օրինակ` երբ 2010-11 թթ.-ին մեր մեքենաների պարկը փոխվեց, կանչերի թիվը կտրուկ ավելացավ: Նույնը կատարվում է և հիմա՝ նախորդ տարի մենք կրկին թարմացրեցինք մեր մեքենաների պարկը և հիմա նորից կանչերի կտրուկ աճ ունենք: Մարդիկ, հավանաբար, կարծում են, որ ավել բան կարող են տեսնել»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մանկական կանչերի թիվը նույնպես ավելացել է. 2019-ի առաջին կիսամյակում դրանց թիվը կազմել է 13 697, որը 452-ով ավելի է, քան նախորդ տարի:

Ստեփանյանը հայտնեց նաև, որ այս տարի 5807 –ով նվազել են սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը: Սա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ սկսել են մի փոքր ավելի ուշադիր լինել իրենց սրտի նկատմամբ, բացի այդ, իր դերն ունի նաև անվճար վիրահատական ծառայությունների ներդրումը:

Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին

«Մեծահասակների դեպքում շտապօգնության կանչերը մեծ մասամբ լինում են սրտանոթային, շնչառական հիվանդությունների գանգատներով, մանկական կանչերի դեպքում` սուր շնչառական վարակներից, ջերմության բարձրացումից»,-ասաց Ստեփանյանը:

Նա հայտնեց նաև, որ այժմ շտապօգնությունը Երևանում սպասարկում է 38 մեքենայով, սակայն մեկ ամսվա ընթացում մեքենաների և բրիգադների թիվը կավելանա՝ հասնելով 50-ի: