ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ–ն քննադատել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին գրված է ՌԴ արտգործնախարարության կայքում։
ԱԳՆ–ից նշել են, որ տեղի ունեցածը աննախադեպ ստոր արարք են համարում, ևս մեկ արմատական հակառուսական ուժերի սադրանք` ուղղված ռուս–վրացական հարաբերությունների խաթարմանը։
«Այս աղաղակող միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ուր է տանում անզուսպ ռուսատյացությունը... Տեսնում ենք այն արդարացի զայրույթ, որը վրաց հասարակությունն արտահայտեց տեղի ունեցածի առնչությամբ։ ՌԴ ԱԳՆ–ն նաև համարժեք պատասխան է սպասում միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպություններից և լրագրողական հանրությունից։ Նման դրսևորումները քաղաքակիրթ երկրներում տեղ չպետք է ունենան», – գրված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում իր հեղինակային ծրագիրը վարող Գեորգի Գաբունիան հաղորդումը սկսել է Ռուսաստանի ղեկավարության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներով։
Այդ արարքը դատապարտել են սոցցանցերի վրացական տիրույթի օգտատերերի մեծ մասը։ Իսկ հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ թեև համակարծիք է հաղորդավարի դիրքորոշման հետ, սակայն ուղիղ եթերում հայհոյել չի կարելի։
Հեռուստահաղորդավարի արածը դատապարտել են նաև Վրաստանի նախագահն ու վարչապետը, իսկ հանրապետության ԱԳՆ–ն այդ ելույթն անվանել է երկրների հարաբերություններում լարվածություն մտցնելու փորձ։
Նկատենք, որ մի քանի հարյուր մարդ ցույցի էին հավաքվել հեռուստաընկերության մոտ և ձվեր նետել շենքի ուղղությամբ։ Ցուցարարները պահանջել էին հեռուստալրագրողի հրաժարականը։
Հայաստանի միջնորդությունը փակ դռների հետևում. ինչպես լուծել ռուս–վրացական ճգնաժամը