«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

Ամիրը խոսում է հայաստանյան հայերենով՝ խոսքը համեմելով հայաֆիկացված ռուսերեն բառերով, հայկական հայտնի հաղորդումներից տարածված կատակներով, մի խոսքով, ինչպես ամեն մի տեղացի։ Այն, որ Ամիրը մաքուր իրանցի է, ավելին՝ մահմեդական, մտքովդ չի էլ անցնում, հատկապես, երբ լսում ես Կոմիտասի կամ Եկմալյանի պատարագը նրա կատարմամբ։
Sputnik

Ամիրի հետ ծանոթությունս սկսվեց զարմանքով․ գիտեի, որ հայերեն խոսում է, երաժիշտ է, բայց, որ կարդում ու գրում է գրագետ հայերենով, ավելին` այն, որ մահմեդական իրանցին այնքան է սիրել Կոմիտասի ու Եկմալյանի պատարագները, որ դրանք եկեղեցում է կատարում և Հայաստանը տուն է համարում` իսկական բացահայտում էր։ Ամիրին դեռ չէի տեսել, նրա մասին միայն լսել էի, բայց արդեն ժամերն էի հաշվում, թե երբ եմ վերջապես հարցազրույց անցկացնելու այս անսովոր իրանցու հետ։

Ամիր Վաֆային ծնվել է Թեհրանում։ Մայրական կողմից գրեթե բոլոր ազգականները երաժիշտներ են։ Նա ընտանիքի չորրորդ զավակն է, երկու եղբայրներն ու քույրը նույնպես երաժշտություն սովորել են, թեպետ նրանցից երաժիշտ է դարձել միայն ավագ եղբայրը։ Այնպես որ, Ամիրի ապագան ինքնիրեն որոշված էր, անգամ չէր էլ քննարկվել։

«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

Չորս երեխաներից գոնե երկուսը պիտի երաժշտության ճանապարհով գնային։ Թե երբ նոտաները սովորեց, ինքն էլ չի հիշում՝ երաժիշտ ազգականները դասերը խաղի փաթեթավորմամբ էին մատուցում։ Իրանում երաժշտական դպրոցում ստացած կրթությունը բավարար չէր. հասկացավ, որ իր փնտրած լավ կրթությունը հայրենիքում չի գտնելու, դրա համար որոշեց արտերկիր մեկնել։ Եվրոպան թանկ էր, ընտրեց հարևան երկիրը՝ Հայաստանը։ Ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան, սակայն ավարտեց խմբավարականը։ Դրանից հետո հայացքը կրկին դեպի Եվրոպա ուղղեց:

Գերմանացի Զուրեն Բիրկեն սիրահարվեց դուդուկին, եկավ Հայաստան և դարձավ Սուրիկ Դուդուկյան

«Ուզում էի Գերմանիա մեկնել, բայց պարսիկների համար այս աշխարհում հեշտ չէ, վիզա ստանալ չհաջողվեց»,- ներողամիտ ժպիտով պատմում է Ամիրը։ Մնաց Հայաստանում և ընդունվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժնի միանգամից երկրորդ կուրս։ Կոնսերվատորիայում սկսվեց և դրանից հետո շարունակվեց Ամիրի հայաստանյան երաժշտական ակտիվ կյանքը։ Արդեն հինգ տարի է՝ աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում, կանտրաբաս է նվագում։ Սովորելու տարիներին շատ միամտաբար հայտնաբերեց, որ ոչ միայն նվագել գիտի, այլև երգել։ Այդպես Ամիրը երկար տարիներ երգեց «Խազերում», նաև «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբում, «Հովեր» և «Փարոս» երգչախմբերում։ Երգչախմբերի կազմում նա երգել է հայկական տարբեր եկեղեցիներում։

«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

«Ինձ շատ են հարցնում, որ եկեղեցում երգում ես, քեզ ինչպես են թույլ տալիս։ Ինձ համար առաջնայինը երաժշտությունն է, ու ես մի այլ կարգի հաճույք եմ ստանում Կոմիտասի պատարագից, Եկմալյան էլ եմ երգել, բայց Կոմիտասն ուրիշ է»,-ասում է Ամիրն ու հավելում, որ իսլամը լավ ուսումնասիրելուց հետո հասկացավ, որ դա իր համար չէ, թեպետ թղթաբանությամբ ոչինչ չի փոխել, շարունակում է մուսուլման լինել, բայց խոստովանում է, որ հոգով՝ այլևս ոչ։ Վստահ է, որ նույնիսկ եթե հոգով մուսուլման լիներ, հայկական եկեղեցիներում պատարագ երգելը միևնույն է՝ իր համար խնդիր չէր լինի։

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը

«Մայրս հոգով-սրտով մուսուլման է, ամեն բան անում է այնպես, ինչպես գրված է։ Բայց անգամ մայրս, երբ ինձ մոտ հյուր է եղել, հաճույքով եկեղեցի է մտել մեր մատուցած պատարագը լսելու»,- անկեղծությամբ պատմում է Ամիրն ու հիշում, որ Իրանում իրենց տունը հայկական թաղամասում էր, այնպես որ երբ կտուր էր բարձրանում, միշտ հայկական եկեղեցիների երեք խաչերն էր տեսնում։ Հիմա էլ, երբ խնդիրներ է ունենում, մայրն իր համար աղոթում է, անգամ գնում Թեհրանի հայկական եկեղեցում մոմ վառելու։

Թեպետ իր կյանքում կրոնի ու հավատքի պակասը չի զգում, բայց վստահ է, որ երկու կրոնների հիմքն էլ նույնն է՝ փորձում են մեզ ավելի լավ մարդ դարձնել։ Դրա համար այնպես է ապրում, որ եթե դժոխքն ու դրախտն իրականում գոյություն ունեն, ինքը դրախտում հայտնվելու շանս ունենա։

«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը

Մի քանի տարի առաջ Ամիրը երաժշտությանը զուգահեռ սկսեց ՏՏ ոլորտն ուսումնասիրել։ Հիմա աշխատում է Picsart ընկերությունում։ Կարծում է, որ այն նոր աշխարհ բացեց իր համար.

«Երաժշտությունը կյանքիս անբաժանելի մասն է, չեմ կարող պատկերացնել՝ չնվագեմ կամ չերգեմ, բայց մտածում եմ, որ գուցե դա պետք է լինի որպես հոբի, այլ ոչ թե գլխավոր եկամտի աղբյուր ու աշխատանք»։

«Ֆանտաստիկ երկիր է». ինչո՞ւ է իտալացին ցանկանում որդուն մեծացնել Հայաստանում

Ամիրի ամենամեծ երազանքներից մեկը շարունակում է երաժշտության հետ կապված լինել, նպատակ ունի իր սիրողական երգչախումբն ունենալ, որտեղ և՛ կերգի, և՛ կլինի խմբավար։

Հարցազրույցի վերջում Ամիրը սկսում է պատմել, թե ինչպես հայերեն սովորեց։ Ասում է, հայերենի համար մասնավոր դասերի հաճախելը քիչ է։ Անգամ, եթե գրական հայերեն գիտես, հայերի հետ շփվելու համար հավելյալ գիտելիքներ են պետք:

«Հայերեն լավ խոսելու համար ինչ-որ տեղ ռուսերեն է պետք, պիտի «Կառլսոն» մուլտֆիլմն ու տարբեր հումորային հաղորդումներ նայես, որ քեզ outsider չզգաս՝ կարողանաս տեղացիների հումորը հասկանալ և հումոր անել»։ Հպարտությամբ արձանագրում է, որ դա իրեն հաջողվել է։

«Հայաստանն ինձ համար տուն է, ես գնում եմ Իրան հանգստանալու, բայց սպասում եմ հետ գալուս։ Դե տասնհինգ տարեկանից այստեղ եմ։ Քույրս մի քիչ բացասական երանգով ինձ ասում է, թե շատ եմ փոխվել, հայ եմ դարձել։ Ընկերներս ինձ ասում են «հայաֆիկացված պարսիկ». ես այնքան հայ եմ, ինչքան պարսիկը կարող է հայ լինել»,- ասում է Ամիրն ու փորձում համեմատել ծննդավայր Իրանն ու տուն դարձած Հայաստանը։

«Երբ եկա Հայաստան, անընդհատ լսում էի՝ գործ չկա, փող չկա. այն ժամանակ չէի հետաքրքրվում, որովհետև չէի մտածում, թե կմնամ։ Հիմա արդեն չորս տարի է՝ ես եմ փող աշխատում, ու միանշանակ, գործ կա, փող կա»,- սրա կողքին Ամիրը նշում է, որ աշխատանքի և ապրելու միջև հավասարակշռությունը պահելը դժվար է, որովհետև երբեմն այնքան ես աշխատում, որ աշխատած գումարը ծախսելու ժամանակ չի մնում։

Նրա խոսքով՝ Իրանում մինչև վերջերս այդ հարցն ավելի հեշտ էր։ Բայց Հայաստանում կա մի խաղաղություն, որն Իրանում չես գտնի։ Պատմում է, որ երբ Թեհրան է գնում, անկախ իրենից փողոցում վազում է, ոչ թե հանգիստ քայլում, նույնիսկ եթե ոչ մի տեղ չի շտապում. քսան միլիոն մարդ վազում է, ինքն էլ է վազում։ Հայաստանի սրտում՝ Երևանի կենտրոնում կարող ես հանգիստ ապրել ու մաքուր օդ շնչել։

Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում

«Իրանցիները իմ ժողովուրդն են, բայց ես ավելի շատ շփվել եմ հայերի հետ, ու Հայաստանն ինձ համար ավելի տուն է, քան թե Պարսկաստանը։ Մի կողմից սա ցավոք սրտի եմ ասում, քանի որ ինձ իրանցի եմ համարում, բայց ուրախ եմ, որ այստեղ եմ։ Եթե մի օր ինձ ասեն՝ էլ չես կարող Իրան գնալ, կասեմ՝ OK, կլինի՞ Հայաստանում մնամ»,- մի քիչ հուզմունքով ասում է Ամիրն ու հավելում, որ ոչ միայն իր ապագան է Հայաստանում տեսնում, այլև ընտանիքն է այստեղ կազմելու։

Հ.Գ. Արդեն Ամիրին հրաժեշտ էի տալիս, երբ իմիջիայլոց հիշեց, որ Հայաստանում նաև «ֆրիլանսեր» գիդի աշխատանք է արել ու ոչ միայն իրանցիների համար։ Հիշեց իսլանդացի մի զույգի, որին համոզել էր «քյառթու նիվա» մեքենա վարձակալել, Արենի-Տաթև-Շուշի երթուղով հասնել Ստեփանակերտ, հետո Դադիվանք-Մարտունի ճանապարհով հետ վերադառնալ։ Հպարտանում է, որ իր ներդրումն է ունենեցել Հայաստանից բացի նաև Արցախն օտարերներին ներկայացնելու համար։