Ձերբակալվել է Արարատի Զոդի կամրջի ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքսի» վարորդը

Քննություն է տարվում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Այսօր ձերբակալվել է Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքսի» վարորդ Սողոմոն Հակոբյանը:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը` հավելելով, որ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019 թվականի հուլիսի 6-ին, ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Ողբերգական ավտովթար Վրաստանում. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:

Վթարի ենթարկված երեք ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին  դեպքի  պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, և համաձայն զննության արդյունքների՝ «ՎԱԶ 21063»-ի և «ՏոյոտաՀիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում, հարցաքննվել են վնասվածք ստացած անձիք և ականատես վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական և դատաավտոտեխնիկական  համալիր փորձաքննություն:

Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: