Վիրավորները կտեղափոխվեն Հայաստան. մանրամասներ` Վրաստանում տուժածների առողջական վիճակից

Ավտովթարից տուժածներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից  տուժած 3 քաղաքացիները վաղը կտեղափոխեն Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Մահացածներից 2–ը երեխաներ են. նոր մանրամասներ` Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից

Փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է արհեստական շնչառության սարքին միացված:

Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է  նաև, որ պատահարից տուժած Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք ևս կտեղափոխվեն Հայաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ն անչափահաս, մահացել են, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։