Ինչ է արել հարյուրավոր կյանքեր փրկած հայ բժշկի ուսուցիչը, երբ հիվանդներից մեկը մահացել է

Հայաստանում է սրտանոթային վիրաբուժության ոլորտում հայտնի բժիշկ Բագրատ Ալեքյանը, որն իր խոսքում «ես»–ն անընդհատ դարձնում է «մենք»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Բժիշկը պետք է նաև լավ մարդ լինի, իսկ հիվանդն էլ պետք է հավատա բժշկին, որպեսզի արդյունք լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, անվանի սրտանոթային վիրաբույժ Բագրատ Ալեքյանը։

Ալեքյանը, ի դեպ, Հայաստանում է ու մասնակցում էր Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին։

«Բժշկի մասնագիտությունն ընտրելիս կարևոր է ինքդ քեզ հետ անկեղծ լինելն ու քո ուժերը գնահատելը` բժիշկը, առաջին հերթին, պետք է լավ մարդ լինի։ Երբ մարդ հիվանդանում է, բժիշկը նրա համար Աստված է դառնում` գուցե 10 օր, գուցե 1 ամիս կամ ավելի շատ, բայց այդ շրջանում հիվանդի համար նա դառնում է ամեն ինչ։ Բայց բժիշկը պետք է հիվանդին ժամանակ հատկացնի, զրուցի նրա հետ, ոչ թե գործն անի ու անցնի հաջորդ հիվանդին։ Հիվանդն էլ պետք է հավատա բժշկին։ Միայն այդ դեպքում երկուստեք կարող են իրար օգնել»,–ասաց տարիների փորձ կուտակած ու հարյուրավոր կյանքեր փրկած բժիշկը։

Ինչ է արել հարյուրավոր կյանքեր փրկած հայ բժշկի ուսուցիչը, երբ հիվանդներից մեկը մահացել է

Բժշկի մասնագիտությունն Ալեքյանի ընտրությունն է եղել. երբ նա 10 տարեկան է եղել, ոտքի հետ կապված խնդիր է ունեցել, ինչի համար Մոսկվա է մեկնել բուժման։ Այս դեպքն էլ հետագայում Մոսկվա տեղափոխվելու և բժշկությունն ընտրելու առիթ է դարձել։

Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել

Արդեն ավելի քան 45 տարի Մոսկվայում հաստատված Ալեքյանների ընտանիքում բժիշկ չի եղել, ավելին` Ալեքյանի աղջիկն էլ չի ընտրել բժշկությունը, ինչը, ըստ ականավոր բժշկի, նորմալ է` բժշկի մասնագիտությունն ընտրելով չէ, այդ որոշման ինքնըստինքյան պետք է գաս։

«Հայրս Հայաստանի ղեկավարներից էր` նախկին կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղարը, քաղաքային կոմիտեի մինիստր է եղել, իսկ մայրս` ուսուցչուհի։ Մեր ընտանիքում միակ բժիշկը ես եմ, և դա այն քայլն է, որի համար վստահաբար կարող եմ ասել` չեմ ափսոսում։ Անկեղծ ասած` կուզեի, որ աղջիկս ընտրեր բժշկի մասնագիտությունը, սակայն միայն ցանկությունը բավարար չէ ու ճիշտ չէ»,–ասաց Ալեքյանը։

Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

Ալեքյանի ուսուցիչը ոչ պակաս հայտնի պրոֆեսոր Յուրի Պետրոսյանն էր` Վրաստանի հայերից ու, ինչպես Ալեքյանը բնութագրեց, Խորհրդային Միությունում բժշկության մեջ առաջին դեմքերից մեկը։ Հենց Պետրոսյանն էլ օգնել է Ալեքյանին հաղթահարել դժվարությունները:

Բժիշկը հիշում է` երբ վիրահատությունից հետո առաջին անգամ հիվանդներից մեկը մահացել է, իրեն կորցրել է, որոշել է միառժամանակ դադարեցնել աշխատանքը։ Ալեքյանի ուսուցիչը, սակայն, հենց հաջորդ օրն իսկ Ալեքյանին կրկին վիրահատության է ուղարկել` «ցույց տալով», թե միաժամանակ նա ինչպես է կյանքեր փրկում։

Ալեքյանի խոսքով` այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո իրեն միայն մեկ բան է մնում` գիտելիքները մյուսներին փոխանցել։

Հայ բժշկը կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն է արել. հիվանդն արդեն ուտում–խմում է

Անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցությանը և այստեղ սրտանոթային վիրաբուժության մակարդակին` բժիշկը նշեց, որ իրականում Հայաստանն այս ոլորտում բավական բարձր դիրք է գրավում աշխարհում։

«Գիտեմ, որ ՀՀ–ում 11 կենտրոն ունենք, որոնք ակտիվորեն աշխատում են սրտանոթային վիրաբուժության ուղղությամբ։ 2018–ին Հայաստանում 6000 ստենտավորում է կատարվել, ինչը ֆանտաստիկ թիվ է աշխարհի համար։ Եվրոպան տարեկան միջինը 1 մլն բնակչի համար 2000 նման վիրահատություն է անում, այսինքն` Հայաստանում էլ նույն ցուցանիշն է։ ՌԴ–ում այսօր 220 000 վիրահատություն է արվում տարեկան` 1 մլն բնակչի համար 1550 վիրահատություն»,–ասաց Ալեքյանը։

Հայերը ոչնչով չեն զիջում. մեր բժիշկները վերականգնում են մեծերի ու փոքրերի լսողությունը

Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանում բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել` իշեմիկ հիվանդությունների կանխարգելման, բուժման ուղղությամբ։ Բժիշկը հայտնեց նաև, որ պարբերաբար Հայաստան է այցելում` հայ բժիշկների հետ փորձի փոխանակում իրականացնում, վիրահատություններ անելու։

Հ. Գ. Ի դեպ, Բագրատ Ալեքյանը բավական համեստ մարդ է, և իր խոսքում «ես»–ն անընդհատ դարձնում էր «մենք», ու մեր այդ նկատառմանն էլ ծիծաղով արձագանքեց` էդպես է, միայնակ մարդն ի՞նչ կարող է անել։