Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է

ՈՒԵՖԱ–ն թույլ է տվել արտասահմանյան թիմերին մասնակցել Ռուսաստանի առաջնությանը, եթե դա ֆեդերացիաների համատեղ որոշումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս շաբաթ Ռուսաստանի ֆուտբոլային միության աշխատանքային խումբը պետք է ավարտի Պրեմիեր լիգայի կազմի փոփոխման վերլուծությունը։ Միությունը դիտարկում է 18-ի փոխարեն 16 թիմի մասնակցության տարբերակը։ Կրակին յուղ է լցրել մոսկովյան ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները․ նա հայտարարել է, որ պետք է ընդլայնել մրցաշարն ու այդ նպատակով կարելի էր հրավիրել Հայաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի ակումբները։ Sputnik-ը պարզաբանում է՝ ինչու դա կարող է միայն բացասական հետևանքներ ունենալ ու ներկայացնում է օրենսդրության հետ կապված խնդիրները, որոնց արդեն այսօր բախվել է ռուսական սպորտը։

ՀՖՖ–ն անխախտ է իր որոշման մեջ և չի աջակցում համակցված լիգայի ստեղծման գաղափարին

2020/21 թվականների մրցաշրջանի ռուսական ֆուտբոլում լեգեոներների համար նոր լիմիտ է գործելու՝ 8 «լեգեոներ» (օտարերկրացի)՝ 17 տեղացի խաղացողի դեպքում։ Ռուսական ֆուտբոլը մի քանի տարի դրան էր գնում․ վերջին տարբերակով՝ խաղադաշտում միաժամանակ չէին կարող ավելի քան վեց լեգեոներ գտնվել։ Բայց սկզբում պետք է հասկանալ «լեգեոներ» եզրույթը, ու արդեն այդ փուլում կհայտնվենք իրավական հակասության կամ բախման մեջ: Բանն այն է, որ Եվրասիական տնտեսության միության անդամ-պետությունների քաղաքացիներն ընդհանրապես չպետք է լեգեոներ համարվեն։ 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում կնքված ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 97 հոդվածի 2 կետն այդ մասին է վկայում։ Եթե խոսքն ուղղակիորեն ազգային անվտանգության մասին չէ, ապա պայմանագրի անդամները չեն կարող կիրառել իրենց աշխատաշուկայի պաշտպանության նպատակով ներքին օրենսդրությամբ ընդունված սահմանափակումները: Իսկ ֆուտբոլիստներն այս դեպքում աշխատուժ են, և ըստ փաստաթղթի տրամաբանության՝ ԵԱՏՄ անդամ-երկրներում չեն կարող օտարերկրացի, այսինքն՝ լեգեոներ համարվել:

Պարզ ասած` Հայաստանի, Ղազախստանի կամ ԵԱՏՄ այլ անդամ պետության քաղաքացի ֆուտբոլիստների իրավունքները չեն կարող ինչ-որ կերպ ոտնահարվել, մինչդեռ լեգեոներների վերաբերյալ լիմիտը ուղղակիորեն սահմանափակում է ռուսական ակումբներում հանդես գալու նրանց հնարավորությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատասխանեց Sputnik-ի հարցմանն ու հաստատեց այդ տեղեկությունը` ասելով, որ 2015 թվականից այդ սահմանափակումը վերացնելուն ուղղված աշխատանքներ են իրականացնում։

Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

«Միության Դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ին եզրակացություն է ընդունել, որից բխում է՝ Պայմանագրի 97-րդ հոդվածի 2 կետը ուղիղ գործող (իմպերատիվ) նորմ է ու ենթակա է անմիջական կիրառման», - ասացին ԵՏՀ-ից։ Այս պահին ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Բելառուսի ֆուտբոլիստներն են, որ ռուսական ֆուտբոլում լեգեոներ չեն համարվում։

Դա հաստատում է նաև սպորտային իրավաբան, SILA ընկերության իրավաբանական գործընկեր Յուրի Զայցևը․ «Փաստաթղթերով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ներսում պետք է գործի աշխատակիցների հավասարության սկզբունքը։ Դա մարզիկների վրա էլ է տարածվում։ Չգիտեմ՝ ինչու է Ռուսաստանի ֆուտբոլային միությունը չեղարկել լեգեոներների լիմիտը միայն բելառուս ֆուտբոլիստների համար, հնարավոր է` դա առանձին պայմանավորվածությունների առարկա է եղել։ Բայց ընդհանրապես միջազգային իրավունքի նորմերը վեր են ազգային օրենսդրություններից»։

Բելառուսի հետ կապված ընդհանրապես շատ հետաքրքիր իրավիճակ է․ 2013 թվականին Բելառուսի հավաքականի ու ռուսական առաջնությունում արդեն ինը տարի ելույթ ունեցող «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարտինովիչը դատի էր տվել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը։ Ալեքսանդրը երկքաղաքացի էր, սակայն լիմիտն այնպես էր մեկնաբանվում, որ կիսապաշտպանը լեգեոներ էր համարվում։ Արդյունքում նա հետ էր վերցրել հայցադիմումը, բոլորը հարցերը նախադատական կարգով էին կարգավորվել, իսկ արդեն 2018 թվականից բելառուսներն էլ լեգեոներ չեն համարվում։ ԵՏՀ-ն հետևյալ կերպ է մեկնաբանել այդ որոշումը։

Հնարավոր է` հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցեն Ռուսաստանի առաջնությանը

«Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության միջև «Քաղաքացիների հավասար իրավունքների մասին» պայմանագրի շրջանակում լիմիտները Բելառուսի քաղաքացիների վրա չեն տարածվում։ Բացի այդ, Բելառուսի քաղաքացիները ՌԴ-ի ու ԲՀ-ի ստեղծած Դաշնակցային պետության անդամներ են։ Մյուս արտասահմանցիների համար շարունակելու են լիմիտներ գործել։

Այսպիսով՝ անճշտությունները վերաբերում են միայն Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի քաղաքացիներին։ «Միաժամանակ Ռուսաստանը կարծում է, որ անդամ այլ պետությունների ֆուտբոլիստների նկատմամբ կիրառվող սահմանափակումները ազգային շուկայի պաշտպանության համար սահմանված ու կիրառվող սահմանափակումներ չեն, այլ պրոֆեսիոնալ սպորտի ոլորտում պետական քաղաքականության իրականացում և ուղղված են մարզիկներ պատրաստելու համար պայմանների ստեղծմանը», - ավելացրին ԵՏՀ-ում։

Վերադառնանք Եվգենի Գիներին. ԲԿՄԱ-ի նախագահը, մեկնաբանելով լեգեոներների լիմիտը` հայտարարել է, որ կարելի էր ավելացնել առաջնության մասնակիցների քանակը հարևան երկրների ունևոր թիմերին հաշվին․ «Իմ կարծիքը հետևյալն է` պետք է անպայման ընդլայնել լիգան, մենք քիչ խաղեր ենք անցկացնում։ Կարելի է ունևոր բելառուսական, ղազախական կամ հայկական ակումբ հրավիրել։ Ինչպես Ուելսի ակումբներն են խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Դրանք ունևոր ակումբներ են»։

Լավ գաղափար է, բայց ներկայիս պայմաններում այն անիրագործելի է։ Նախ` նույն լիմիտը․ օրինակ` «Արարատ-Արմենիան» կամ «Փյունիկը» կազմված են մեծ մասամբ տեղացի ֆուտբոլիստներից․ բոլորը լեգեոներ են համարվելու։ Հետո դա կապված է լոգիստիկ մեծ խնդիրների հետ, իսկ դրանից հսկայական ծախսեր են առաջանալու։ Այսօր ռուսական Պրեմիեր լիգայի աշխարհագրությունը բավականին լայն է՝ Կրասնոդար, Ուֆա, Դոնի Ռոստով, Տուլա, Օրենբուրգ, Գրոզնի։ Պայմանական Երևանի, Աստանայի ու Մինսկի միջև ուղիղ ավիահաղորդակցություն գրեթե չկա։ Դա նշանակում է, որ հարկ կլինի չարտերային չվերթեր կազմակերպել ու հսկայական գումարներ ծախսել։

Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար

Որպես լրացուցիչ փաստարկ նշվում է խաղերից եկամտի ավելացումը։ Այո, իսկապես, առաջատար թիմերը լեցուն տրիբունաներ են հավաքելու, սակայն բոլոր թիմերը չեն, որ այդքան երկրպագուներ ունեն։ Բայց էլ ավելի վատ պահ կա․ ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում ուղիղ կապ կա զբաղեցրած տեղի ու տրիբունաների մարդաշատության միջև: Այն թիմերը, որոնք իրենց երկրներում առաջատար են, Ռուսաստանի պրեմիեր լիգայում լավագույն դեպքում աղյուսակի միջնամասում են հայտնվելու։ Ինչքան արդյունքները վատանան, այնքան ավելի քիչ մարդ կգա խաղերին։

Միաժամանակ ՈՒԵՖԱ–ն թույլ է տվել արտասահմանյան թիմերին մասնակցել Ռուսաստանի առաջնությանը, եթե դա ֆեդերացիաների համատեղ որոշումն է։ «Ներքին առաջնությունները համարվում են եվրոպական ֆուտբոլի հիմքը: Եղել են որոշ դեպքեր, երբ անցկացվել են անդրազգային մրցաշարեր, սակայն այս պահին նման առաջարկ չկա: Ցանկացած նման առաջարկ կամ մտահղացում կքննարկվի ՈւԵՖԱ-ում միայն այն դեպքում, եթե այն ներկայացնեն ազգային ֆեդերացիաները, ակումբները և լիգաները, քանի որ այն կարող է կարևոր իրադարձություն դառնալ մի քանի եվրոպական երկրում»,- հայտնել են ՈՒԵՖԱ-ից:

Իսկապես, Եվրոպայում կա նման պրակտիկա, երբ հարևան երկրների թիմերը մասնակցում են ավելի ուժեղ մրցաշարերին։ Ամենահայտնի օրինակը Ուելսի «Քարդիֆն» ու «Ուոնսին» են, որոնք անցկացնելու են առաջիկա մրցաշրջանը նշանակությամբ երկրորդ անգլիական մրցաշարում։ Սակայն դրանց մասնակցությունը պատմական խոր արմատներ ունի։ Իրենց մասնակցությունը նաև կոմերցիոն բնույթ է կրում, տարածություններն էլ մի քանի անգամ ավելի փոքր են։

Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում

Երկրորդ նրբությունը, որը ՈՒԵՖԱ-ն ոչ մի կերպ չի պարզաբանում, դա եվրագավաթներում մասնակցելու քվոտաների բաշխումն է։ Օրինակ` հիմա ազգային առաջնություններում հաղթած թիմերը Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում են հայտնվում, ու պարզապես մասնակցության համար ՈՒԵՖԱ-ից գումար են ստանում։ Ինչքան ավելի երկար է թիմը կարողանում մնալ մրցաշարում, այնքան ավելի է մեծանում գումարը։ Օրինակ` անցած մրցաշրջանում որակավորման փուլ դուրս գալու համար թիմերը գրեթե 300.000 եվրո էին ստանում, իսկ խմբակային փուլ անցնելու դեպքում գումար վաստակելու հնարավորությունը կտրուկ աճում էր։ Խմբում հաղթանակի համար ՈՒԵՖԱ-ն 2.7 միլիոն եվրո է վճարում, ոչ ոքի խաղալու համար՝ 900.000 եվրո։

ԱՊՀ երկրների թիմերը միանգամից կզրկվեն այն հնարավորություններից, եթե համաձայնեն մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգային։ Օբյեկտիվորեն թիմերի խաղի մակարդակն այնքան բարձր չէ, որ դրանք լավագույն եռյակում հայտնվեն։ Եվրոպայի լիգայում գումարներն ավելի համեստ են, եվրագավաթներ անցնելը չափազանց դժվար կլինի։ Ինչի՞ համար է պետք հրաժարվել գրեթե երաշխավորված հոնորարից։

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անիմաստ է համարում հայկական թիմերի մասնակցությամբ միասնական առաջնության անցկացումը և այլևս այդ թեմային չի ուզում անդրադառնալ: Հենց այսպես են պատասխանել Sputnik-ի թղթակցին։ Ու դա շատ ճիշտ է․ միասնական առաջնություն ասվածը կարող է հանգեցնել ու հաստատ կհանգեցնի ազգային առաջնության հանդեպ հետաքրքրության նվազեցմանը։

Վերջում ի՞նչ է մնում։ Թիմերը տուժում են, խաղացողները կանոնակարգի ներկայիս ձևակերպումներով՝ պարտված են, ազգային ֆեդերացիաներն էլ են պարտվում։

Այնպես որ ակներև է. ներկայիս իրողություններում միասնական առաջնություն չի լինելու։ Կարևորը, որ նոստալգիան, երբ բոլոր խաղերը մեկ օրում էին անցկացվում, բոլոր թիմերը Մոսկվայով էին վերադառնում ու հավաքվում շոգեբաղնիքում, նոստալգիա մնա, ոչ թե նախագծերի ու փաստաթղթերի վերաճի։