Ինչի մասին են 3 ժամ խոսել Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը. մանրամասները` նախարարից

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արցախյան այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև Հայաստան–Արցախ հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. ՀՀ իշխանության կարևորագույն նպատակներից մեկն է ապահովել Արցախի իշխանության խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախյան այցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով` կրակել. Զոհրաբ Մնացականյան

«Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Եվ բանակցային գործընթացի ու խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը»,– ասել է նախարարը։

«Բացառում եմ, որ մենք ունենանք լարվածություն». Բակո Սահակյան

Մնացականյանը հիշեցրել է ՀՀ և ԼՂՀ Անվտանգության խորհուրդների` Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նիստի մասին, որի ժամանակ ևս հանգամանալից քննարկվել է բանակցային պրոցեսում Արցախի ներգրավման մասին։

Նախարարը հիշեցրել է նաև, որ որոշվել է այդ հարցը երբևէ չներկայացնել որպես նախապայման։ «Բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է»,– ասել է նա։

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ են քննարկել ՀՀ ԱԳ նախարարն ու ԼՂՀ նախագահն ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում։

«Ես անգամ չնկատեցի, թե ինչպես անցավ այդ 3 ժամը, բայց դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը»,–ասել է Մնացականյանը։

Լրագրողները նշել են` վերջին շրջանում ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դնում այնպիսի տեղեկատվություն, որ մենք խոսում ենք բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին, բայց նաև նրանք առաջ են քաշում բանակցային գործընթացում, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հարցը:

«Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի արտահայտում համայնքի շահերը, որի մասին Դուք խոսում եք, և եթե այդ համայնքը չի մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, և այնտեղ առկա են նմանօրինակ խնդիրներ, ես չէ, որ պետք է դրանք քննարկեմ»,– պատասխանել է Զոհրաբ Մնացականյանը։

Նշենք, որ Sputnik Արմենիան փոփոխություններ է արել այս հոդվածի վերջին երկու պարբերություններում։

«Ղալաթ էին անում». փոխվարչապետը` Բակո Սահակյանի գլուխը «քարով ցխելու» ու ակցիայի մասին