ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսի-Մոսկվա և հակառակը չվերթների տոմսեր գնած մարդկանց կառաջարկի այլընտրանքային` Թբիլիսի-Երևան-Մոսկվա երթուղին։
Ավիաընկերության առևտրային փոխտնօրեն Թամար Թանդաշվիլին այս մասին ասել է այսօր վրացական Pirveli հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մոտ 40 հազար մարդ հուլիսի 8-ից մինչև հոկտեմբեր Թբիլիսի-Մոսկվա և հակառակը չվերթների տոմսեր է գնել։
«Ավիաընկերությունը որոշում է ընդունել գործընկեր հայկական ավիաընկերության օգնությամբ առաջարկել Թբիլիսի-Երևան-Մոսկվա երթուղին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուղևորները ստիպված չեն լինի լրացուցիչ վճարել փոփոխված երթուղու համար, պարզապես պետք է փոխեն տոմսերը ու ուղևորվեն Երևանով։
Թանդաշվիլու խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը 10-15 տոկոսով կավելացնի ավիաընկերության ֆինանսական ծախսերը։ «Ռուսական շուկան շատ կարևոր էր մեզ համար։ Ամեն օր Georgian Airways-ը կատարել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երեք չվերթ։ Ընկերությունը թռիչքներ է կատարել ոչ միայն Մոսկվա, այլ նաև Ռուսաստանի այլ քաղաքներ»,- նշել է նա։
Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթները կգործարկվեն հուլիսի 8-ից, օրը երկու անգամ։
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ին ստորագրած հրամանագիրը, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է քաղաքացիների օդային փոխադրումներ կատարել (այդ թվում առևտրային) Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Վրաստանի տարածք։ Այդ օրվանից ուժի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հունիսի 22-ի որոշումը ՌԴ տարածքում վրացական ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին։
Ռուսաստանի իշխանություններն այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր։