ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մինսկի ավտոմոբիլային գործարանը (ՄԱԶ) հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով։ Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գործարանի ավտոտեխնիկայի ԱՊՀ երկրների վաճառքի ղեկավար Սերգեյ Պապկովիչն այս մասին ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Սարգսյանը հակիրճ ներկայացրել է Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ համակարգն ամբողջությամբ փոխվելու է, և ծրագրի իրականացման համար քաղաքապետարանին անհրաժեշտ են լինելու տարբեր տեղատարողությամբ նոր ավտոբուսներ:
Պապկովիչն էլ խոսել է իրենց ընկերության գործունեության մասին՝ հայտնելով, որ շուրջ 75 տարվա պատմություն ունեցող ՄԱԶ-ն այսօր զբաղվում է տարբեր մեքենաների, այդ թվում 8, 12 և 18 մետր երկարությամբ ուղևորատար ավտոբուսների արտադրությամբ, որոնք լայն պահանջարկ ունեն եվրոպական մի շարք երկրներում և ԱՊՀ տարածքում: Ավտոբուսները հնարավորություն ունեն աշխատելու ինչպես հեղուկ գազով, այնպես էլ դիզելային վառելիքով:
Տարածաշրջանում միակը. Երևանում smart փողոցները կշատանան
Սարգսյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է փոխգործակցության համար և սպասում է Երևանի համար առանձին առաջարկների: Նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների ձեռքբերման համար կհայտարարվի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել հետաքրքրված բոլոր ընկերությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի տրանսպորտի բարեփոխման ծրագրով հետաքրքրված է նաև «Русские Автобусы-Группа ГАЗ»–ը։
«Հայերը տեղ են գնում երթուղայինով». ռեալիթի շոու, որը ծիծաղելի կլիներ, եթե իրական չլիներ