ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհուրդը հուլիսի 3–ից սկսել են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկը։
Անցած տարի Եվրամիության երեք անդամները` Բուլղարիան, Սլովակիան և Լատվիան, հրաժարվել են դրա վավերացումից միանման ձևակերպմամբ. կոնվենցիայի «երրորդ սեռ» հասկացությունն անհանգստացնում է փաստաթղթում արտացոլված իր կետերով, դրանով սպառնալիքի տակ է դրվում ավանդական ընտանիքը` որպես տղամարդու և կնոջ միություն։
Հայաստանում ծրագրի իրագործման պատասխանատուները հավաստիացնում են, որ այն ուղղված կլինի ոստիկանության աշխատակիցների, սոցիալական աշխատողների և իրավապաշտպանների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։
Դրա հետ մեկտեղ, համացանցում արդեն մի քանի օր է քննարկվում է չեխ նկարչուհի Էվայի պատմությունը, որը պատմել է, թե ինչպես է բռնության ենթարկվել Վանաձորում։
Օգտատեր Լյուսի Քոչարյանը #բռնությանձայն հեշթեգով սկսել է հրապարակել բռնության ենթարկված երեխաների ու կանանց պատմություններ։
Տարբեր խմբերում պարբերաբար հայտնվում են սարսափազդու պատմություններ, որոնք ուղեկցվում են պետական մարմինների և հասարակության հասցեին հանդիմանություններով։
Անչափահասների հանցագործությունների դեպքում մեղավոր ենք բոլորս. Նելլի Դուրյան
Գրառմանը սկսել են արձագանքել տարատեսակ պաշտոնյաներ։ Մասնավորապես, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։
Նրա խոսքով` «հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները։ Եվ այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում»։
Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ պետք է զբաղվել այդ խնդիրներով։ Այդ համատեքստում նա նշել է, որ երկար տարիներ Հայաստանում ստեղծվել են արհեստական խոչընդոտներ ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմներ ստեղծելու համար։
Բացասական տեղեկատվության նման ծավալը, ինչպես նաև սոցիալական ցանցերում պաշտոնյաների արձագանքը ոչ միանշանակ են ընդունվել։ Ոմանց մոտ ծագել են կասկածներ, որ «ակցիան» կրում է կազմակերպված բնույթ, կարծես պատրաստում են հասարակությանը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
Վավերացման հակառակորդները կոնվենցիան անվանում են երկսայր սուր. այն իբր ուղղված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին, իսկ իրականում բոլորովին այլ նպատակներ է հետապնդում ` «երրորդ սեռ» հասկացությունն օրենսդրական շրջանառության մեջ դնելը։
Հայաստանի Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը Facebook–ի իր էջում գրել է, որ դեմ է բռնությանը, սակայն ներկայացրել է կոնվենցիայում առկա խնդիրները։
Գնդակահարման սպառնալիքից` դանակով հարձակում. ինչ է պահանջել տղամարդը շտապօգնության բժշկից
«Ինչպես գիտեք, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը։ Բուլղարիայի Սահմանադրական դատարանն, ըստ էության գտել է, որ Ստամբուլյան կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նոր սեռ է սահմանում», – գրել է նա։
Զոհրաբյանը խոստացել է ավելի ծանրակշիռ փաստարկներ ներկայացնել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը հակառակ կարծիքի է` հայտարարելով, որ կոնվենցիայի վավերացումը ևս մի քայլ կդառնա ընտանեկան բռնության դեմ պայքարում։
Նա նշել է, որ տարբեր կարծիքներ են հնչում փաստաթղթի մի քանի դրույթների շուրջ, և այդ հարցը կարելի է լուծել` կազմակերպելով հանրային քննարկումներ, ներգրավելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։
Ի հեճուկս շատերի սպասումների` Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը գրել է, որ Հայաստանում կրճատվել են սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ հանցագործությունների դեպքերը։
Նրա խոսքով` մեկ տարում արձանագրվել է ընտանեկան բռնության 1090 դեպք, ընդ որում, դրանցից հարյուրի դեպքում բռնության օբյեկտ են դարձել տղամարդիկ։