Կաշառքի դիմաց նպաստ է «դասավորել». սոցաջակցության մասնագետին մեղադրանք է առաջադրվել

Արմավիրի սոցաջակցության տարածքային գործակալության մասնագետն առայժմ չի կարողանա հեռանալ Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 Հուլիս — Sputnik. Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«1975թ. ծնված Արմավիրի բնակիչը, զբաղեցնելով Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը, 5 նպաստառուներից ստացել է ապօրինի վարձատրություն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալը»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախկին պաշտոնյաները կաշառք են վերցրել նպաստի դիմաց. ովքե՞ր են «կերել» անապահովների փողը

Նշենք, որ նա ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով` նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց ստացել է ապօրինի վարձատրություն:

Նախաքննության ընթացքում Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին մուծվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Փաշինյան