Ինչպես են Երևանում սպանել «օրենքով գող» Մասիվցի Անդիկին. սպանության կադրերը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի մարդ մոտենում տաղավարում նստած տղամարդկանց ու սկսում կրակել։
Sputnik

Երևանում սպանված «օրենքով գող», 46 տարեկան Մասիվցի Անդիկի` Անդրանիկ Հարությունյանի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր։

Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հարությունյանը սպանվել էր երեկ երեկոյան Նոր Նորքի Միկոյան փողոցում՝ թիվ 19 շենքի բակի տաղավարում։ Անհայտ անձը հրազենով կրակահերթ էր արձակել նրա ուղղությամբ ու հեռացել։ Օգնության հասած անձինք շտապօգնություն էին ահազանգել։

Սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում։ Նախնական տվյալներով՝ հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973–ին ծնված Անդրանիկ Հ.-ի դիակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` սպանության, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: