Երևանի որոշ շենքերի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Արևից ստացվող էներգիայի օգուտն առաջինը կտեսնեն Դավթաշենի բնակիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն այս տարի 90 շենքի տանիքներին արևային համակարգեր կտեղադրի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ծրագրի առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45 շենքի փոխարեն արևային համակարգ կունենան 50–ը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արևային ֆոտովոլտային համակարգերից ստացված էներգիան կուղղվի շենքերի վերելակների, շենքի միջհարկային և բակի էլեկտրաէներգիայի ապահովմանը:

Դավթաշենի 2-րդ թաղամասի հ. 10 շենքն այն հասցեներից է, որտեղ արդեն այս տարի բնակիչները ոչ միայն կլսեն, այլև կտեսնեն արևից ստացվող էներգիայի օգուտը:

Արդեն իսկ ուսումնասիրվել են առաջին փուլի շենքերը՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ: Երկուսի դեպքում էլ տոկոսային ցուցանիշը չպետք է զիջի 75-80 %-ը: Ըստ այդ ցուցանիշների` շենքերը 9-14–հարկանի, հարթ տանիքով և արևկող վայրում: Հաշվի է առնվել նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը։

Երևանի քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզներում երկարօրյան վճարովի դարձնելու հարցը

Տվյալ շենքերում սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքներին տրվելու են նաև էներգախնայող լուսադիոդային լուսատուներ:

«Ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով: Երևանը «Քաղաքապետների դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

Հեքեքյանը վարչապետին խորհուրդ է տալիս հայտնի ասացվածքը դեռ «չուղարկել թանգարան»

Սարգսյանը վստահեցրել է, որ այս համակարգը կծառայի 25 տարի, որի արդյունքում քաղաքում կլինի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառություն:

Ծրագիրն արդեն վերանայվել ու հաստատվել է: Բյուջեն խնայողաբար օգտագործելու դեպքում ծրագրում հնարավոր կլինի ներառել ևս որոշակի թվով այլ շենքեր:

Երևանի 4–րդ կարգի վթարային երկու շենքերի բնակիչներին բնակարան կտան