Մանվել Գրիգորյանի ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում. դատարանը գնաց որոշում կայացնելու

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով` եթե ամբաստանյալը համապատասխան բուժում չստանա, ոտքերի ամպուտացում պետք է կատարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բարսեղյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու համար։

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այսօր մասնակցում է իր և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով ընթացող դատական նիստին։

Մանվել Գրիգորյանը դատարան եկավ անվասայլակով. Նազիկ Ամիրյանը նույնպես ներկա է նիստին

«Այսօր տեղացի 10–ից ավելի բժիշկներ են ասում, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, և եթե նա համապատասխան բուժում չստանա, կգնանք ոտքերի ամպուտացման։ Բժիշկների կոնսիլիում է արվել, «Նաիրի» ԲԿ-ում հոսանքով լարման են տվել հիվանդի երկու ոտքերը և պարզել, որ նրա ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում, դարձել են անզգա»,-ասաց Բարսեղյանը։

Պաշտպանը նշեց, որ միջնորդում են Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու և փոխարենը 10 մլն դրամ գրավի դիմաց բաց թողնելու համար։

Դատարանը գնաց խորհրդասենյակ` որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը դատարան է եկել անվասայլակով ու բժիշկների հսկողությամբ։

Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։