Իրանական Ուրմիա քաղաքից եկած Օնիկ Սահակյանը Երևանում է ապրում ավելի քան 20 տարի։ Առաջին հարկում գտնվող նրա բնակարանը ելք ունի դեպի ներքին բակ, որտեղ նա արտասովոր մանղալ ունի։
Մի քանի տարի առաջ նրան խորհրդային տեսակի երկու կարի մեքենա առաջարկեցին։ Այդ մոդելները աշխատում էին ոտքի օգնությամբ։ Իրանում մեծացած Օնիկին խորհրդային ժամանակների անտիկվարիատը շատ դուր եկավ և նա չհրաժարվեց նման նվերից։ Քանի որ կարի մեքենաներն իրենց բուն նշանակությամբ նա չկարողացավ կիրառել, որոշեց դրանք հարմարեցնել կենցաղում ոչ պակաս օգտակար մեկ այլ գործի։
Կարի մեքենաների մեխանիզմը օգտագործվել է խորոված պատրաստելու մանղալի և բակում տեղադրված տաղավարի համար։ Նրանց, ովքեր Օնիկի մոտ առաջին անգամ են հյուր լինում, ավանդական դարձած և անխուսափելի կատակ է սպասում։ Տանտերը ցույց է տալիս մանղալը և լուրջ դեմքով պատմում, որ սա խորովածի համար նախատեսված սովորական սարք չէ։ Մսի պատրաստման ժամանակ նա իր հայտնագործած բարձր տեխնոլոգիան է կիրառում` նանոփչում։
Օնիկը սեղմում է նախկին կարի մեքենայի ոտնակը և հյուրերին առաջարկում ուշադիր նայել, թե որքան համաչափ են այրվում ածուխները։ Հյուրերը զարմանում են, գլուխները օրորում և լեզվով ճպպացնում` առաջարկելով խմել գյուտարարի կենացը։
Տանտերն իր հերթին լուրջ դեմքով ներկայացնում է իր նոր գաղափարները և ասում, որ մտադիր է առաջիկայում ևս մեկ համարձակ գիտական փորձ իրականացնել`սովորական խորովածի մանղալից ժամանակակից կարի մեքենա ստեղծի։ Եթե փորձը հաջողվի, ապա ապրանքի առաջին խմբաքանակը նա կուղարկի Ճապոնիա և Չինաստան իրացման։ Հասկանալի է, որ կերուխումի վերջում բոլորը իմանում են, որ սրանք ընդամենը «հայկական ռադիոյի կատակներ են»։