Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանի որոշում կայացրեց

Դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունն ամբողջությամբ մերժել դրա` անհիմն լինելու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մանվել Գրիգորյանը դատարան եկավ անվասայլակով. Նազիկ Ամիրյանը նույնպես ներկա է նիստին

«Դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը`որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխելու, ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու պատճառով։ Այն, որ Գրիգորյանը մասնակցում է դատական նիստերին, արդեն իսկ նշանակում է, որ նրա առողջական վիճակը բավարար է»,–ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր մասնակցում է իր և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով ընթացող դատական նիստին։

Նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր հայտնել էր, որ բժիշկների կոնսիլիում է արվել, «Նաիրի» ԲԿ-ում հոսանքով լարման են տվել հիվանդի երկու ոտքերը և պարզել, որ նրա ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում, դարձել են անզգա։

Մանվել Գրիգորյանի ոտքերը 50-70 տոկոսով չեն զգում. դատարանը գնաց որոշում կայացնելու

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին