Ինչպիսի՞ եղանակ կունենանք հուլիսին. Սուրենյանի կանխատեսումը

«Հիդրոմետ» ծառայության պետը հիշեցրել է, որ անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը +28։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի– Sputnik. Հուլիս ամիսը տեղումնառատ և համեմատաբար զով կլինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Հայաստանի բնակիչներն ու հյուրերը կշարունակեն թրջվել ու զովանալ. եղանակի տեսություն

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավելի։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս»,–գրել է Սուրենյանը։

Նա տեղեկացրել է, նաև, որ հանրապետության ամենաշոգ վայրերում` Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան, ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան։

«Հիդրոմետ» ծառայության պետը նաև տեղեկացրել է, որ անցած տարի այս օրերին Երևանում +40․․․+42 աստիճան էր, իսկ այսօր ընդամենը +28։