ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն մինչ օրս այդ մարմնի աշխատանքը մեկ բառով գնահատեց` վատ։ Նման տեսակետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու Էդգար Ճաղարյանը հայտնեց այսօր ԱԺ արտահերթ նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս։
Էդգար Ճաղարյանը նշեց նաև, որ Գնումների մասին օրենսդրության կատարելագործման և ՏՄՊՀՀ-ն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողն իրեն պաշտպանված զգա, իսկ անբարեխիղճը՝ ենթարկվի պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
«Ես՝ որպես ՏՄՊՊՀ անդամի թեկնածու, հատկապես կարևորում եմ շուկա նոր մուտք գործող տնտեսվարողների համար բարենպաստ մրցակցային միջավայրի ապահովման անհրաժեշտությունը: Փորձը ցույց է տալիս, որ հաճախ տնտեսվարող սուբյեկտների կողմից կատարվող խախտումները պարզապես ցածր իրազեկվածության արդյունք են»,- ասաց Ճաղարյանը:
Նա նաև առանձնացրեց «Զվարթնոց» օդանավակայանի և ՀԿԵ-ի գերիշխող դիրքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ ընդգծելով Գյումրու օդանավակայանի կարողությունների զարգացման կարևորությունը։
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը նոր ղեկավար ունի
«ՀԿԵ-ն դիզվառելիքի փոխադրման համար խոշոր ընկերությունների համար կիրառում է, այսպես կոչված, հատուկ սակագին, որը շուրջ 70 տոկոսով էժան է սահմանված սակագնից։ Այս պարագայում նոր շուկա մտած ընկերությունը, ասենք 1000 տոննա վառելիք փոխադրելու համար բախվում է անհավասար մրցակցային պայմանների հետ»,- ասաց Ճաղարյանը՝ կարևորելով երկաթուղու ոլորտի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
Խոսելով մենաշնորհային ու գերիշխոող դիրք ունեցող ընկերությունների մասին` Ճաղարյանը նշեց, որ դրանց նկատմամբ բացասական վերաբերմունք չունի։ Նրա խոսքով` մենաշնորհները վկայում են, որ դրանց սեփականատերերը որոշակի հաջողությունների են հասել:
Բայց արդյունքում հենց նրանք են ամեն օր գտնվում ՏՄՊՊՀ-ի վերահսկողության տակ:
Ինչո՞ւ են վարորդները դժգոհում. գազալցակայաններում սկսել են քաղաքացուն չխաբել
Նշենք, որ ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Էդգար Ճաղարյանի թեկնածությունը առաջադրել է 2 տարի ժամկետով: