Մանվել Գրիգորյանի պաշտպանները մտադիր են դատի տալ Էջմիածնի քաղաքապետին

Պաշտպանի խոսքով` իշխանության ներկայացուցչի հայտարարությունն ատելության տիպիկ քարոզ է՝ դրանից բխող իրավական բոլոր հետևանքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանից չօգտվելու կոչերի համար Գրիգորյանի պաշտպաններն իրավապահներին կդիմեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Մանվել Գրիգորյանն անդամալույծ է դարձել, ավելին` նրա մոտ սթրեսային խանգարում կա. պաշտպան

«Գասպարյանի ասածը պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր է պարունակում։ Իշխանության ներկայացուցչի հայտարարությունն ատելության տիպիկ քարոզ է՝ դրանից բխող իրավական բոլոր հետևանքներով։ Մենք դիմելու ենք, իրավապահներին, որպեսզի նրանք իրենց գնահատականը տան»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` երկրում պետք է բացառել ընտրովի ատելությունը կամ գովաբանությունը, և ամենևին էլ կապ չունի` դա Էջմիածնի քաղաքապե՞տն է անում, թե՞ ուրիշը։

Հիշեցնենք, որ Գասպարյանը կոչ է արել բոյկոտել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը՝ չգնելով նույնիսկ մեկ շիշ ջուր։ Նա հայտնել էր նաև, որ Էջմիածնի քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել։

Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։