ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի– Sputnik. «Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ քարոզարշավի շրջանակում հայտարարել էր, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Վարչապետի այս հայտարարությունից անցել է ավելի քան կես տարի, սակայն այս ընթացքում ներդրողների և գնորդների կողմից հետաքրքրություն չկա այդ հյուրանոցի նկատմամբ»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղում ծանոթացել է իրավիճակին և պարզել, որ Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել:
«Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված էր, վրան գրված՝ STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց: Թերևս պատկերացրիք, որ այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն»:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներն արձանագրել են, որ հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին, այսինքն՝ հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ և հետաքրքրվեց, թե ինչու պատշաճ պահպանություն չի իրականացվում հյուրանոցի տարածքում:
Հարցին ի պատասխան՝ Բաբայանն արձագանքեց՝ նշելով. «Այնտեղ սեփականատերերը ոստիկանության հետ պայմանագիր ունեն կնքած, և հսկողություն է իրականացվում: Ես նորից կճշտեմ, բայց գիտեմ, որ հսկողություն կա»»,-գրում է թերթը:
Հիշեցնենք` «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է։ Նա ԱԱԾ–ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել է նախաքննական մարմնին` «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով։
«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել. Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը
Այս մասին 2018–ի նոյեմբերի 28-ին հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Փաշինյանը նշել էր, որ հյուրանոցը պետք է դնել աճուրդի, դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։