ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների և, մասնավորապես, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին նախարարություն կանչելու մասին լրագրողների հարցերին։
«Այդ հարաբերություններն ունեն բավական լայն ու բավական հարուստ օրակարգ, և մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որը ունենք ՌԴ–ի հետ բազմաթիվ ոլորտներում` մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով։ Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք մեր երկկողմ օրակարգում տարբեր ընկալումներ ունենան և տարբեր գնահատականներ ստանան, ինչը բնական է։ Եվ այդ հարցերը քննարկելը երկու դաշնակիցների միջև որևէ խնդիր չի առաջացնում »,– ասաց Մնացականյանը։
Հիշեցնենք` Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 13-ին այցելել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպումը կայացել էր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող Քոչարյանի գրասենյակում։
Ավելի ուշ դեսպանը հանդիպել էր նաև ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։
Ինչ է փոխանցել ՀՅԴ–ն ՌԴ դեսպանին. հանդիպում է կայացել
Քոչարյանի հետ հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի ուշ հրավիրվել էր ԱԳՆ: Այդ մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: