Անապահով ընտանիքների ծնողները ստիպված չեն լինի գումար վճարել հիվանդանոցներում

ՀՀ սոցիալապես անապահով խավերի առողջապահության ծախսերն ապահովելու համար 12 մլրդ դրամ հավելյալ գումար կտրամադրվի։ Հիվանդներին այլևս չեն ասի` գումարը վերջացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով առողջապահության նախարարության ներկայացրած համապատասխան նախագծերը։

Գյումրիում բացառիկ սեմինար կանցկացվի. լավագույն արդյունք գրանցած բժիշկները կմեկնեն ՌԴ

Փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախարարությունը փորձում է համահարթեցնել բուժհիմնարկներում բուժծառայությունների իրական գործող ու պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները, որպեսզի «պացիենտը ստիպված չլինի գրպանից հավելյալ գումարներ վճարել»։

«Կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ ՀՀ քաղաքացին լինի առողջ, իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի աշխատելու, ստեղծագործելու և իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա»,– նախագծի ներկայացումից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։

Երևանում 100-ից ավելի վիրաբույժներ կքննարկեն և կիրականացնեն ճողվածքի վիրահատություն

Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում պետպատվերի գումարները մինչև տարեվերջ սպառվում էին, և քաղաքացիները ստիպված էին լինում իրենց առողջական խնդրի լուծման համար սպասել հաջորդ տարվան։ ՀՀ վարչապետի խոսքով` այս հատկացումը թույլ կտա խուսափել նման դեպքերից։

Ընդունված որոշումը վերաբերում է մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններին։ Որոշման ընդունումից հետո, Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ, նրանց ծնողներից այլևս գումար չեն պահանջի հիվանդանոցում։

Ինչպես է 20–ամյա աղջիկն իր կամքից անկախ պահվել հոգեբուժարանում. ՄԻՊ–ը մանրամասներ պատմեց