ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Armenia ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Մոսկվայից Թբիլիսի օդային ուղևորության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան փոխադրումներ իրականացնել: Խաչատրյանի խոսքով` այդ տեղեկությունն իմանալուց հետո ընկերությունը դիմել է Ռոսավիացիա։
«Մենք որպես բիզնես կառույց հասկանում ենք, որ Երևանի միջով Թբիլիսի մեկնող զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում։ Հետևաբար, որոշում է կայացվել շահագործել Մոսկվա–Երևան ուղղությունը։ Հուլիսի 8–ից ինքնաթիռները օրական երկու չվերթ են իրականացնելու», – ասաց Խաչատրյանը։
Անհրաժեշտության դեպքում չվերթների հաճախականությունը կարելի է հասցնել օրական չորսի։
Մինչ հուլիսի 8–ը ընկերությունը կավարտի նոր Boeing 737-700 ինքնաթիռի գրանցումը։ Ընդհանուր առմամբ ընկերությունը երեք ինքնաթիռ է շահագործելու, դրանցից մեկը ժամանակավոր վարձակալվելու է։
«Վրացական ավիաուղիների» հետ չվերթերի համատեղ շահագործման մասին պայմանագիր է կնքվել։ Դրանք վաղուց են օրական մեկ անգամ Երևանից Թբիլիսի մեկնում, այժմ չվերթերի քանակը կկրկնապատկի։
Ավիաընկերությունը կանի ամեն հնարավոր բան Երևանի միջով Մոսկվայից Թբիլիսի չվերթի տարանցման ժամանակը կրճատելու համար։
Նրա խոսքով` Թբիլիսի –Երևան չվերթը տևում է 25 րոպե, ուղևորները մոտ 50 րոպե են Երևանում անցկացնելու։ Ընդհանուր առմամբ, ներառյալ ինքնաթիռ փոխելը, ճանապարհը 4 ժամ կտևի։ Այլ ընկերությունների առաջարկները սկսում են վեց ժամից։
Ընկերությունը մտադիր է դեպի Մոսկվա տոմսեր վաճառելը սկսել արդեն հունիսի 28–ից։ Ավիաընկերությունը բանակցություններ են վարում «Զվարթնոցի» հետ` ինքնաթիռների սպասարկման սակագների մասին։ Դրա արդյունքում սահմանվելու են նաև տոմսերի գները։
Խաչատրյանի խոսքով` Երևանից Մոսկվա ուղևորության տոմսը սկսվում է միջինում 90-100 եվրոյից (դրա մեջ է մտնում նաև «օդի» փողն ու օդանավակայանի հարկը)։
Armenia-ի ինքնաթիռը ուղևորվելու է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։
Խաչատրյանը նշեց, որ Armenia–յի առաջարկությունն այլ տարբերակներից շատ ավելի հարմար է։ Բաքվի օդանավակայանը տարածաշրջանում ամենաթանկն է, այդ պատճառով այն դժվար թե տարանցիկ դառնա։
«Ադրբեջանը կարող է «Գյանջա» օդանավակայանն առաջարկել։ Բայց մենք պետք է նրանցից առաջ ընկնենք։ «Վրացական ավիաուղիների» հետ մեր առաջարկը մրցակցությունից դուրս է», – նշեց Խաչատրյանը։
Այսօր գործող հայկական միակ` Armenia ավիաընկերությունը տեղական շուկա մտավ 2016 թվականին։ Ավիաընկերության ինքնաթիռները կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, Լիոն, ինչպես նաև մի շարք չարտերային չվերթեր դեպի Քուվեյթ, Հռոդոս և այլն: Armenia–ի ավիապարկը համալրված է երկու ինքնաթիռով` Boeing 737-500 և Boeing 737-700։