Սուրենյանը Սև ծովի զով ու թարմ օդ է խոստանում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում, որոշ մարզերում՝ կարկուտի տեսքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի- Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 26-ին հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 26-ին` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացնում է օդի ջերմաստիճանի նվազման մասին. «Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք»,-գրում է նա: