Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը

Խորհրդարանական ուժերը Սահմանադրական դատարանի նորընտիր անդամի ու նրա լիազորությունների շուրջ հայտնել են իրենց տեսակետները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Ո՞վ է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը. այս հարցն այսօր խորհրդարանական ուժերի հերթական ճեպազրույցների առանցքային թեմաներից մեկն էր:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց. «ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր»:

Եթե Վահե Գրիգորյանը ՍԴ–ի նախագահն է, ապա Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է. Շարմազանով

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ այդ հարցը հենց ՍԴ-ում դեռ քննարկման փուլում է:

«Քաղաքական ցանկացած կարծիք հնչեցնելը կարող է այդ քննարկումների լիիրավությանը, արդյունավետությանը խանգարել»,- ասաց նա` միաժամանակ հավելելով, որ իշխող քաղաքական ուժը ոչ ՍԴ, ոչ էլ որևէ այլ դատարանի դատավոր փոխելու մասին որոշում և լիազորություն չունի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը, հարցին պատասխանելով, նշեց, որ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով համարվում է ՍԴ դատավոր  և որ սահմանադրական նորմերի վերաբերյալ անհատական ցանկացած մեկնաբանություն իրենց քաղաքական ուժի համար անընդունելի է:

«Այսինքն` Վահե Գրիգորյանը եկավ ԱԺ-ում հայտարարեց, որ ինքն այս պահից ստանձնում է լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր, և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եվ, եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»,- ասաց պատգամավորը:

Մաթևոսյան․ «Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելը պայմանավորված է Քոչարյանի գործով»

Նույն խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ ժամանակին ՍԴ ներկայիս նախագահն էլ էր ընտրվել գործող իրավական նորմերին համապատասխան ընթացակարգերով:

«Եթե Վահե Գրիգորյանը գտնում է, որ սահամանդրական նորմերը վիճարկելի են, ինքը կարող է դիմել Վարչական դատարան և այդտեղ վիճարկել»,- ասաց Սիմոնյանը:

Իսկ ԲՀԿ խմբակցությունը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել հարցի շուրջ, քանի դեռ ՍԴ նախագահի անձի վերաբերյալ որևէ պաշտոնական հրապարակում չի եղել:

Հիշեցնենք, անցած շաբաթ` հունիսի 18-ին, Վահե Գրիգորյանն ԱԺ-ում ընտրվեց ՀՀ ՍԴ անդամ: Նրա թեկնածությանը կողմ էին քվեարկել 99 պատգամավոր, դեմ` 22-ը:

Ընտրությունից հետո` հունիսի 20-ին, Գրիգորյանն ԱԺ ամբիոնից ՍԴ դատավորի երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնելու է ՍԴ նախագահի պարտականությունները:

ԱԺ նախագահը իրավաչափ է անվանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սենսացիոն հայտարարությունը

Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` ՍԴ դատավորները պետք է հաստատվեն ԱԺ–ի կողմից։ Բոլոր դատավորները, բացի Գրիգորյանից և Արման Դիլանյանից, որն այս պահին արձակուրդում է, նշանակվել էին նախկին Սահմանադրության շրջանակում և չեն հանդիսանում դատավորներ: Նրանց թվում է նաև ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը:

Որոշ իրավագետների դիտարկմամբ` նա Սահմանադրության ընդունման պահից այլևս չի կարող նախագահ լինել, քանի որ նոր մայր օրենքով ՍԴ նախագահը պետք է ընտրվի ՍԴ դատավորների կազմից:

Մելիքյան․ «Վահե Գրիգորյանն ապացուցեց, որ իրենց նպատակը դատական իշխանությունը նվաճելն է»