ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Ոստիկանության ծառայողներն ու հրշեջ-փրկարարները ժամեր առաջ Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկում 25-ամյա աղջկա դի են հայտնաբերել։
Sputnik Արմենիայի տվյալներով` ծածկոցով փաթաթված դիակն ամբողջությամբ արնաշաղախ վիճակում է եղել։ Աղջկան սպանել են դանակի բազմաթիվ հարվածներով։ Նրա դին տանը թաքցված է եղել։
Փողոցում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ տանը միայնակ բնակվում է 28-ամյա մի երիտասարդ։ Նա Չարենցավանից է, ընտանիքի անդամներն էլ ապրում են Չարենցավանում։
Ոստիկանները այսօր լուսադեմին բռնել և բերման են ենթարկել կասկածյալին։ Մեր տեղեկություններով՝ սպանվածն ամուսնացած չէր, նա ապրում էր Նոր Նորքում։ Աղջիկն և երիտասարդը վերջերս էին ծանոթացել ու մտերմություն էին անում։