Մահացել է Գարեգին Նժդեհի թիկնապահը, բարերար Կարպիս Փափազյանը

1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տվել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Վիեննայում երկարատև հիվանդությունից հետո երեկ` հունիսի 25–ին, 99 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական գործիչ Կարպիս Փափազյանը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի Արարատ Մարզական Միությունը։

Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել  ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ Կարպիս Փափազյանը եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը Եվրոպայում։

Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը

Փափազյանը ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ 1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տվել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։  «Այս որոշումը ընդունեցի, երբ ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի հետ հանդիպեցի և ասացի, որ նման մտահղացում ունեմ։ Պետք է գնահատել օտարներին, ովքեր մեզ համար աշխատում են։ Եվ որոշեցի Բարեգործականի հովանու տակ հիմնել այս մրցանակը։ Երբ Ալեք Մանուկյանը հարցրեց, թե ինչու Բարեգործականը ընտրեցիր, ասացի`«Լավերի մեջ լավին ընտրեցի»։

Ալեք Մանուկյանն ասաց, սփյուռքում այսքան կազմակերպություններ կան, և այսքան ծրագրեր ենք անում, ինչպես պատահեց, որ նման գաղափարը դու առաջարկեցիր»։ Ես էլ ասացի, որ մի կույր հավն էլ քուջուջ որ անի, ոսկե հատիկ կգտնի,,-պարբերականներից մեկին պատմել է հայ բարերարը։

Փափազյանին նաև ընտրել են  Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան Պատվո անդամ (1979), Վիեննայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության Պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի Պատվո անդամ (1985 թ.), «Արարատ» մարզական միության Պատվավոր մարզիկ (2010)։