«Որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով դատավորի վարքագիծը»,-իրենց պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշման մասին կարծիք է հայտնում Խուդոյանը։
Ըստ պաշտպանի` առաջիկայում իրենք ինտենսիվ գործողություններով կարձագանքեն դատարանի որոշմանը։
«Պարտադիր պետք է բողոքարկենք վերաքննիչ դատարանի որոշումը, որքան էլ վերապահում ունենանք ավելի բարձր ատյանի անկողմնակալության առումով»,-ասում է Հովհաննես Խուդոյանը։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։