ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան։
Մեկուսարանի մուտքի մոտ նրան արդեն սպասում էր ի պաշտպանություն Քոչարյանի պաստառներով համակիրների խումբը։ ԱԱԾ շենքը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանության մեծաթիվ խմբերով։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ եկավ սեփական ավտոմեքենայով, առանց ձեռնաշղթաների ու պահակախմբի։
Քոչարյանը դուրս եկավ ավտոմեքենայից , ողջունեց հավաքվածներին։
«Կարծում եմ` ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Դուք ինքներդ ամեն ինչ տեսել եք»,– ասաց նա` ի պատասխան լրագրողների հարցերի։
Ռոբերտ Քոչարյանը համբուրեց իրեն ուղեկցող որդուն` Լևոնին, ու դարձյալ նստելով ավտոմեքենան, ներս մտավ ԱԱԾ դարպասներից։
Նշենք, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց կրկին կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հիշեցնենք` մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։
Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։
Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան
Մարտի 1-իգործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։