ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը։ Փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան այս տեղեկությունը հրապարակել է Facebook սոցիալական ցանցում։
«Բողոքարկման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ի սկզբանե խաթարված է եղել արդար դատաքննության սկզբունքը․ փաստաբաններին չի թույլատրվել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց առարկությունները։ Դատական ակտերը ստանալուց հետո կքննարկվի նաև բողոքում հավելյալ հիմքեր ներկայացնելու հարցը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 25-ին, որոշեց վերանայել դատախազի և տուժողների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և բեկանել Առաջին ատյանի դատարանի` Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել որոշումը։ Դատարանը որոշեց նաև, որ ՀՀ երկրորդ նախագահին պետք է կալանավորել։
Այս ամենից բացի, դատարանը որոշեց բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու որոշումը և դատական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։