Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Ժամանակին տատի երգած հայկական երգի մի փոքր հատվածը ֆրանսիահայ երաժիշտ Դան Ղարիբյանի համար ճակատագրական դարձավ։ Նա չի հիշում` այդ ժամանակ քանի տարեկան էր, բայց երաժշտության մեղեդայնությունը ստիպեց լրջորեն մտածել մասնագիտության ընտրության մասին։ Կարճ ժամանակ անց նա վերցրեց հին կիթառն ու սկսել ռոքնռոլ նվագել։
«Իմ երաժշտության ուղերձն է` ապրիր, սիրիր, կեր, խմիր, ծխիր, եղիր, ինչպես որ կաս, եղիր անսահման երջանիկ», – ասում է Ղարիբյանը։
Դանը նոտաներ չգիտի, երբեք չի սովորել, բայց հաճախ հայտնի, այդ թվում` հայկական երգերի «քավերներ» գրել։ Իր երգերի մի մասն էլ է ինքը գրել։ Դրանցից մեկը` «Հայկական վալսը» կատարել են Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի ընթացքում։
«Երբ գրում էի այդ երգը, ֆրանսուհու էի սիրահարված ու չգիտեի` ինչպես տպավորություն թողնեմ նրա վրա։ Երաժշտություն արդեն ծնվել էր, անընդհատ երգում էի այն և ուզում էի, որ տեքստն, անպայման, հայերեն լինի։ Օգնեց ընկերս` Ժիրայր Փափազյանը. նա խոսքերը ֆրանսերենից հայերեն թարգմանեց։ Երբ իմացա, որ երգը հնչել է Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը, շատ հուզվեցի։ Դրա մեջ այնքան զգացմունք ու հույզ կա», – ասաց Ղարիբյանը։
Նախորդ դարակեսին Դան Ղարիբյանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու շանսոնյեի հետ։ Մի անգամ դուետով երգել են, կարճ զրույց են ունեցել և վերջ։ Իսկ հետո նա լսել է իր վալսը Հանրապետական գվարդիայի երգչախմբի տենոր Ժերեմի Դելվերի կատարմամբ, երբ Շառլին վերջին հրաժեշտն էին տալիս։
Ղարիբյանը Դելվերի հետ դեռ չի հասցրել ծանոթանալ. երկուսն էլ զբաղված են, բայց շատ կուզեր։ Երաժիշտը խոստովանեց, որ հավանել է տենորի կատարումը։
«Նա գեղեցիկ ձայն ու շատ հաճելի ֆրանսիական ակցենտ ունի, բայց այստեղ նաև հայկական հոգի է պետք ու մի քիչ էլ նոստալգիա», – ասում է Դանը։
Այդ նոստալգիան նա զգացել է կաբարեում ու սրճարաններում, որտեղ երկար տարիներ աշխատել է։ Այնտեղ հնչեղ գնչուական ու ռուսական երգերը Դանին իր տատիկին են հիշեցրել։ Հենց այդ ելևէջներն է նա փորձում օգտագործել իր կատարումներում` ոչ թե կրկնելով, այլ ամեն անգամ ինչ-որ սեփական բան ավելացնելով ու յուրովի մեկնաբանելով։ Ղարիբյանը չի կարողանում ստանդարտ նվագել ու բոլորի պես երգել։ Նա սիրում է խենթանալ ու վարակել իր ունկնդրին։
Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայերեն երգած Ժերեմի Դելվերը Հայաստանում է
«Գլխումս ինչ-որ բան է կատարվում։ Երաժշտություն է հնչում, բառերն այս ու այն կողմ են վազում, երաժշտական գործիքներն այլ հնչողություն են ստանում ու ստացվում է այն, ինչը մարդիկ իմ ոճն են անվանում։ Սիրում եմ խառնել ամեն ինչ. այդպես է քաոսը ներդաշնակության վերածվում։ Չեմ սիրում ժամանակակից երաժշտությունը, պաշտում եմ հայկական ժողովրդականը։ Քամանչա, դուդուկ ու թառ եմ սիրում, դրանք սովորական մեղեդիները լավագույնս համադրում են», – նշեց երաժիշտը։
Ղարիբյանն ասում է, որ Հայաստան այցելելուց հետո երաժշտությունն ավելի հագեցած ու վառ է դառնում։ Հայրենիք առաջին անգամ 2006 թվականին է եկել ու գաղափար էլ չի ունեցել` ինչպես կդիմավորեն իրեն, ու ինչ կգտնի այստեղ։ Բայց ութերորդ անգամ գալով` նա կրկին ու կրկին իր համար ջերմ ու լուսավոր երկիր է բացահայտում։ Երաժիշտը վստահ է, որ գաղտնիքն այստեղ ապրող ու ստեղծագործող մարդկանց մեջ է։
Ռոզի Արմենը` իր և Ազնավուրի հարաբերության մասին. երգչուհին երազում է ապրել Հայաստանում
«Տատս ասում էր, որ հայրենիքը հեռու է. այն արդեն չկա։ Բայց նանեն սխալվում էր։ Այն կա, և այն հիասքանչ է։
Գյուղացիներն ապշեցնում են ինձ իրենց հյուրընկալությամբ, անկեղծությամբ ու մեծ սրտով։ Ամեն անգամ ինձ հետ ջերմություն ու լավ տպավորություններ եմ տանում և, իհարկե, տնական դեղձի օղի։ Ի դեպ, մեր բարբառով դեղձին «շավթալի» են ասում, իսկ Հայաստանում շատերն այդ բառը չեն հասկանում։ Ծիծաղելի է, չէ՞», – ասում է նա ւ բարձր ծիծաղում։
Իրեն բնորոշ անմիջականությամբ խոստովանում է, որ հայրենիք կատարած առաջին այցից հետո ուզում էր գիրք գրել, բայց հետո սկսել է կասկածել։ Իսկ այժմ պարզապես ծուլանում է։ Ղարիբյանն ասում է, որ դեմ չէր լինի, եթե որևէ մեկը գրի առներ իր հիշողությունները ծնողների, տատի, հայկական կենսակերպի, անցած ճանապարհի ու հայրենիքի հանդեպ մեծ սիրո մասին։