Հայաստանում վառելիքն ամեն տարի կթանկանա, բարձր աշխատավարձ ստացողներն էլ ավելի շատ կստանան

Խորհրդարանը հաստատեց վիճահարույց օրինագծերի փաթեթը: «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեց նախագծին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց վերջին 2 շաբաթվա ընթացքում Հարկային օրենսգրքի և կից օրինագծերի փոփոխությունների` բուռն քննարկումների թեմա դարձած փաթեթը:

Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 32 դեմ ձայնով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես հայտարարել էր, դեմ քվեարկեց նախագծին:

Հիշեցնենք` նախագծի հիմնական երկու փոփոխությունները վերաբերում են ակցիզային և եկամտային հարկերի դրույքաչափերի փոփոխություններին: Այսպես` արդեն ընդունված օրենքի նախագծով նախատեսվում է 2020թ-ի հունվարի 1-ից ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել տարեկան 3 տոկոսով: Արդյունքում յուրաքանչյուր հաջորդ տարեսկզբին կավելանան նշված հարկատեսակով հարկվող ապրանքների գները, այդ թվում` բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի:

Աղքատներն ավելի կաղքատանան, հարուստներն ավելի կհարստանան, գներն էլ կաճեն

Ընդդիմության համոզմամբ` սա կարող է հանգեցնել համատարած գնաճի: Ինչ վերաբերում է եկամտահարկին, օրինագծով նախատեսվում է համահարթեցնել աշխատավարձերից գանձվող հարկատեսակի չափերը: Այսպես` նախատեսվում է ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23%: Ընդ որում, մինչև 2023 թ.-ն այն նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %:

Նշենք, որ այժմ եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով` մինչև 150 000 դրամ աշխատավարձից հարկվում է 23% եկամտահարկ, 150 000- 2 մլն դրամից` 28%, 2 մլն–ից ավելի` 36%: Ընդդիմության համոզմամբ, համահարթեցված մոտեցումը դեմ է սոցիալական արդարության սկզբունքին և նպաստելու է ունևոր խավի եկամուտների ավելացմանը, մինչդեռ ցածր վարձատրվողները մնալու են նույն մակարդակում:

Փաշինյանն ասաց` ինչպես ֆեյքերին աշխատավարձ տվողները բոմժեր կդառնան