Տարածաշրջանն անհանգստացնում է, բայց էլ ինչի՞ց պիտի անհանգստանա Հայաստանը

Հայաստանի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստն ինչ-որ չափով պատասխանում է վերջին օրերին սոցցանցերի համեմատաբար ողջամիտ տիրույթում հնչող քննադատական նոտաների, թե շուրջբոլորը լուրջ զարգացումներ են կատարվում, իսկ հայրենի երկրի ղեկավարությունը մի տեսակ հանգիստ է: Պարզվեց՝ այնուամենայնիվ, անհանգիստ են:
Sputnik

Քննադատությունն, ինչ խոսք, լավ բան է: Բայց Հայաստանի ղեկավար շրջանակներն էլ, ի վերջո, որոշեցին ցույց տալ, որ ամենևին էլ ամառային ռելաքսի մեջ չեն ընկղմված: Եվ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորույթամբ այսօր Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց: Հասկանալի է, որ այն, որպես այդպիսին, բովանդակային լուսաբանման համար չէ, իսկ ընդունված որոշումների մասին էլ կարելի է որոշ կռահումներ կամ որոշակի դատողություններ անել՝ ելնելով հաջորդող կոնկրետ քայլերից:

Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը լարվել է. Անվտանգության խորհրդի նիստ է կայացել

Իսկ լուսաբանման ենթակա հատվածում Նիկոլ Փաշինյանի ասած ընդհանուր արտահայտությունը, իհարկե, ընկալելի է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո, ցավոք, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը` որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»:

Տարածաշրջանում անվտանգային, ինչպես ասվել է՝ միջավայրը հազիվ թե լիցքաթափվելու նախադրյալներ ուներ: Առավել ևս, որ այն հետևողականորեն լիցքավորում էին և լիցքավորում են աշխարհաքաղաքական տարբեր խոշոր խաղացողներ ու նաև գործոններ:

Ինչ վերաբերում է քննադատական դիտարկումներին, ապա դրանք որոշակի չափով տեղին համարելուց բացի, բխում են նույն այդ տարածաշրջանում դիտարկվող վերջին զարգացումներից: Հենց միայն իրավիճակային նկարագրությունը արդեն այնքան բան է հուշում, որ այստեղ ավելի աչալուրջ լինելը քիչ է, երևի շատ ավելի անհանգիստ ու մտահոգ պետք է լինել: Ու նաև մտագո՛րծ: Կներեք, ակամա բառախաղի համար, բայց հիմնականն այն է, որ յուրաքանչյուր քայլ մեր դեպքում պետք է բազմակողմանի հաշվարկված ու կշռադատված լինի՝ առավելագույնս զերծ պատեհականությունից և հուզականությունից:

Հայաստանն ու Ադրբեջանը կշահե՞ն. թե՞... Ինչ հետևանք կունենա Պուտինի հրամանագիրը

Իսկապես էլ ԱՄՆ-Իրան հարաբերությունները, որ ավելի շուտ հակամարտության տպավորություն են թողնում, վերջին շրջանում լարվել են՝ ընդհուպ մոտենալով «անդառնալիության կետին»: Դա մեզ չի կարող չանհանգստացնել. Իրանը մեր ոչ միայն հարավային հարևանն է, այլև բարիդրացիական տերություն, որի նկատմամբ հնարավոր ագրեսիան կամ ցնցումային զարգացումները ուղղակիորեն կարող են անդրադառնալ Հայաստանի թե՛ արտաքին-քաղաքական, թե՛ նաև ներքին-տնտեսական իրավիճակի վրա: Ի լրումն, թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում Իրանը մեր երկրի ճանապարհային երկու ելքերից (մուտքերից) մեկն է:

Իբր դա քիչ էր, վերջին օրերին, արտաքուստ անհամոզիչ պատրվակից բավականին լուրջ բորբոքում սկսվեց արդեն Վրաստանում: Այնտեղ, իհարկե, առաջին հերթին ներքաղաքական ցնցումներ են, որոշակի արտաքին՝ հակառուսական վեկտորով կամ այդ տրամադրությունների խաղարկմամբ: Բայց տվյալ դեպքում Հայաստանի անմիջական շահերից է բխում Վրաստանում կայունության հաստատումն ու վրաց-ռուսական հարաբերությունների կանոնավորումը: Դա այնքան ակնհայտ է, որ կարելի է այստեղ չծավալվել, թե մեր երկրի շահը որն է: Ու առհասարակ, միայն բացարձակ անլուրջ մարդը կարող է ուրախանալ հարևանի տան հրդեհի վրա, առավել ևս, երբ հարևանը պատկից է:

Սա՝ եթե շրջանցենք անմիջականորեն արդեն մեզ վերաբերող խնդիրները, Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի շրջանակում զարգացումները:

Երևանը կարող է հաշտեցման միջնորդ դառնալ, կամ ի՞նչ զոհաբերեց վրացական իշխանությունը

Էլ չենք ասում, որ հարևանությամբ գտնվող մյուս երկու պետությունները` ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, օրումեջ զորավարժություններ են անցկացնում, կարելի է ասել, մեր քթի տակ: Սա նույնպես չի կարող առնվազն չմտահոգել:

Այս թնջուկի վերլուծությունն ու գնահատումը, այդ թվում հարցը՝ արդյո՞ք վրացական վերջին դեպքերը այդպես սինքրոն համընկան ընդհանուր միջավայրին, թե՞ շատ ավելի ընդարձակ ընդգրկմամբ զարգացումների համատեքստում են և այլն, թողնենք արտաքին-քաղաքական վերլուծություններով զբաղվողներին: Փորձագետ-վերլուծաբանների հացին վայիս չլինենք:

Արտաքին մարտահրավերներին դիմակայելու և մեր անվտանգությանը վերաբերող հիմնական խնդիրներում կորուստներ չունենալու առումով կան որոշ մտահոգություններ, որոնք երկրի ու հասարակության ընդհանուր հոգեվիճակից են գալիս: Այստեղ կան ոչ քիչ անհանգստացնող դրսևորումներ ու երևույթներ: Որքան էլ սոցցանցերը վիրտուալ համարվեն, դրանից բխող հետևություններով հանդերձ, անզեն աչքով կամ առանց հատուկ սոցիոլոգիական օբյեկտիվ հետազոտությունների էլ նկատելի է ներհասարակական որոշակի երկփեղկվածություն, նույնիսկ՝ եռա-քառա-բազմափեղկվածություն:

Դրա դրսևորումները քիչ չեն հանրային հարթակներում (հիմնականում դա «Ֆեյսբուքում» է նկատելի), որտեղ վիրավորական, հայհոյախոսական արտահայտությունները ծփում են, «ատելության խոսքը» առօրեական մի բան է դարձել, անհանդուրժողականությունը սեփականից տարբերվող որևէ այլ կարծիքի նկատմամբ հաճախ ծայրահեղական ու անընդունելի դրսևորումներ է ստանում: Այդ բոլոր երևույթները կարող են ու ավելացնում են ներքին անհանդուրժողականությունը, չարությունը և նման այլ՝ անցանկալի (մեղմ ասած) և հասարակությունն ու իր ներուժը փսորող (փոշիացնող) գործոնների ազդեցությունը:

Հայաստանը ճամփաբաժանին է. ի՞նչ կընտրի իշխանությունը «հեղափոխական կոմիտեի» և արարման միջև

Եթե ավելի խիստ մոտենանք, կտեսնենք, որ դրսևորումները ոչ միայն վիրտուալ տիրույթում են: Օրինակ` Էդմոն Մարուքյանի՝ քաղավիացիայի վարչության պետի հասցեին ասվածի վերաբերյալ խորհրդարանի դահլիճում այսօր ծավալված «լեզվամարտը» վերը արտահայտվածը հիմնավորող ևս մեկ նմուշ է, թերևս:

Մինչդեռ ցանկացած հասարակության, կոնկրետ մեր պետության ու ժողովրդի դեպքում՝ հաստա՛տ, արտաքին մարտահրավերներին դիմակայելու առանցքային ռեսուրսներից մեկը համախմբվածությունն է: Պարզ է, որ եթե Աստված մի արասցե՝ մարտահրավերներից մեկնումեկը ռեալ սպառնալիքի տեսք ստանա, որոշակի համախմբում կլինի: Բայց դրա հավանականությունը չի ենթադրում, որ այսօր պետք է զբաղվել միմյանց ցեխը մտցնելով ու իրար կոկորդ կրծելով: Այսօրվա գզվռտոցը կարող է թուլացնել վաղվա անհրաժեշտ համախմբման թափը և էֆեկտը: Ի դեպ, «կարող է»-ն այս դեպքում հանուն քաղաքավարության է նշված: