«Մեկ մարդու իշխանությունը տապալված է». Կարո Փայլանը` Ստամբուլի ընտրությունների մասին

Ստամբուլի քաղաքապետի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Մեկ մարդու իշխանությունն այլևս տապալված է: Այս մասին Faceook-ի իր էջում գրել է Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը`անդրադառնալով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին:

Լոքմագյոզյան․ «Ամբողջ երկիրն Էրդողանի բռունցքում է»

«Այս գիշեր բոլորս միասին շուրջպար կբռնենք: Վաղը բոլորս ի գործ՝ միասնաբար կառուցելու ժողովրդավարություն»։

Ըստ նրա` այս անգամ ընտրողները, մանավանդ HDP-ական ընտրողները, ավելի վճռաբար տրամադրված են գնացել ընտրության։ Եվ այս ընտրության ամենադրական արդյունքն այն է, որ Թուրքիայում արդեն խարխլվել են մեկ մարդու իշխանության հիմքերը: 

Հիշեցնենք, որ հունիսի 23–ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ ստանալով քվեների 54%-ը: Նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին:Ինչ վերաբերում է հաղթած թեկնածուին, ապա նա հայտարարել է, որ սրանով թե՛ Ստամբուլի, թե՛ Թուրքիայի համար «նոր փուլ» է սկսվում: