«Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երևանին և Բաքվին

Մամեդյարովի հայտարարությունները կցկտուր բնույթ են կրում, Հայաստանի իշխանությունը պետք է բացատրի, թե կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցությունների սեղանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները, ամենայն հավանականությամբ, հիմնված են այն նույն այսպես կոչված «Կազանի փաստաթղթի» վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։

Ավելի վաղ` երկուշաբթի Մամեդյարովը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն 2-3 ամիս կաշխատեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրած նոր փաստաթղթերով։

Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով

«Վաշինգտոնում համանախագահներն առաջարկեցին դուրս բերել զորքը և խաղաղապահներ տեղակայել։ Բայց այս հարցի վրա աշխատել է պետք», – Մամեդյարովի խոսքը մեջբերել էին Ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելի ուշ խաղաղապահների մասով Մամեդյարովին վերագրվող հատվածը հեռացվել էին լրատվամիջոցներից՝ պատճառաբանելով, թե դա չի համապատասխանում իրականությանը:

«Մամեդյարովի հայտարարությունը բավականին կցկտուր էր։ Տպավորություն է ստեղծվում, թե նա ուզում էր ներկայացնել բանակցությունների որոշակի կոնկրետ մաս», – ասաց Բոզոյանը։

Ինչպես նշեց փորձագետը` Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը ընդհանուր բնույթ են կրում, դրանք դժվար է վերլուծելը, բայց հետաքրքիր է այն, որ հանդիպմանը նոր առաջարկներ են հնչեցվել, և կողմերը ժամանակ են վերցրել մտածելու համար։

Ընդ որում` Բոզոյանն ընդգծեց, որ հասարակությանը հարկ է ավելի մանրամասն բացատրել, թե ինչ «հավելյալ կոմպոնենտների» մասին է խոսքը։

«Մյուս կողմից, ինչ էլ լինի, իմ կարծիքով, խոսքը «Կազանի փաստաթղթերի» (խմբագրված «Մադրիդյան սկզբունքներ» – խմբ.) շուրջ ինչ–որ մոդիֆիկացիաների մասին է։ Սակայն հետաքրքիր է, որ լրացուցիչ մանրամասներ կան, ինչի մասին խոսում էր Մամեդյարովը», – ասաց Բոզոյանը։

Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանյանը՝ Իրանի և Վրաստանի վերաբերյալ

Հենց այս հավանական «դետալներն» էլ կարող են Հայաստանում և Ադրբեջանում լուրջ քննարկման առարկա դառնալ։

Քաղաքագետը չի բացառում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, համանախագահներն ուսումնասիրում են նոր ղեկավարության մոտեցումները։

«Կարծում եմ, որ հենց այս համատեքստում է պետք դիտարկել այն, ինչ առաջարկում են համանախագահները, ինչը նախկինում չի եղել, և ինչի մասին խոսում է Մամեդյարովը», – նշեց Բոզոյանը։

Նշենք, որ երկու երկրների արտգործնախարարները հերթական հանդիպումն անցկացրեցին Վաշինգտոնում հունիսի 20-ին։ Դրա արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ափսոսանք հայտնեցին հակամարտության գոտում վերջին կորուստների հետ կապված և համառորեն կոչ արեցին կողմերին շտապ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչպես նաև հաստատեցին հրադադարի ռեժիմի անշեղ կատարմանն ուղղված  և  սադրիչ քայլերից զերծ մնալու պարտավորությունները։